Պարզաբանում. «Ժողովուրդ» թերթի գործունեությունը խոչընդոտելու մասին կարծիքն ահիմն է
Նմանատիպ
ՀՀ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը պարզաբանում է հրապարակել՝ «Ժողովուրդ» օրաթերթի գործի առնչությամբ, որում, մասնավորապես, նշվում է.
«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունը և Խաչիկ Խաչատրյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության և Սոնա Գրիգորյանի’ պատիվը և արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից երեք միլիոն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին քաղաքացիական գործով հայցվորը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոցներ, որը բավարարվել է մասնակիորեն: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցի ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության մասնակի բավարարումը նույն քաղաքացիական գործով պատասխանողների կողմից հանրությանը պարբերաբար ներկայացվում է խեղաթյուրված’ տպավորություն թողնելով, թե դրանով կարող է որևէ կերպ վտանգվել «Ժողովուրդ» օրաթերթի բնականոն գործունեությունը:
Հաշվի առնելով տարատեսակ մեկնաբանությունները, դրանցում արտահայտված անիրավաչափ կարծիքները, որոնք կարող են մոլորեցնել հանրությանը, ինչպես նաև կարևորելով հանրության’ ստուգված, օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը’ պարզաբանում ենք.
նախ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հայցի ապահովման դատավարական ինստիտուտի էությունը, հիմքերը, միջոցներն ու կիրառման կարգը:
Այսպես, քաղաքացիական գործերով հայցի ապահովման ինստիտուտի կարգավորումները նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ գլխում: Հայցի ապահովման հիմքերը նախատեսված են Օրենսգրքի 97-րդ հոդվածում, որի համաձայն’ «Դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում»: Նույն հոդվածի 2-րդ մասն էլ սահմանում է, որ հայցի ապահովման միջնորդությունը դատարանը քննարկում է այն ստանալու օրը և կայացնում է որոշում: Վերոգրյալ իրավանորմերի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Այսինքն, եթե գործն ավարտվի հայցի բավարարմամբ, ապա պահանջի կատարումը կլինի երաշխավորված, ինչի շնորհիվ հայցվորը կկարողանա փաստացի ստանալ վնասների փոխհատուցում կամ վերականգնել խախտված ցանկացած իրավունք:
Միաժամանակ հարկ է նկատել, որ «միջոցներ է ձեռնարկում» եզրույթն ունի իմպերատիվ բնույթ, ինչն ամբողջությամբ բացառում է դատարանի կամայականությունը: Այսինքն, եթե դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելու արդյունքում կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը, ապա հայցվորի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, դատարանը պետք է ձեռնարկի միջոցներ, այսինքն’ կիրառի հայցի ապահովման միջոց:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված են հայցի ապահովման այն միջոցները, որոնք դատարանը պետք է կիրառի վերոհիշյալ հիմքերի առկայության դեպքում. դրանք են’ 1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը, 2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը, 3) այն անձանց կողմից վեճի առարկայի վերաբերյալ որոշակի գործողությունների կատարումն արգելելը, 4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում’ գույքի իրացումը կասեցնելը և 5) պատասխանողի մոտ գտնվող’ հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը’ անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:
Տվյալ քաղաքացիական գործով հայցվորները միջնորդել են միաժամանակ կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց, դրանք են’ հայցագնի’ երեք միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողի գույքի և դրամական միջոցների վրա, արգելել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությանը և Սոնա Գրիգորյանին մինչև վեճի ավարտը «Ժողովուրդ» օրաթերթում կամ այլ լրատվական միջոցներով լուսաբանել սույն գործով քննարկվող խնդիրը, այդ թվում նաև’ դատական վեճի ընթացքը: Դատարանը, քննության առնելով հայցի ապահովման ներկայացված միջոցները կիրառելու միջնորդությունը, գտել է, որ հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը երաշխավորելու համար միայն պատասխանողներին պատկանող գույքի վրա արգելանք դնելն այս դեպքում բավարար է, որպեսզի հետագայում դատական ակտի կատարումը չդառնա անհնարին կամ չդժվարանա:
Ինչ վերաբերում է հայցի ապահովման մյուս միջոցների կիրառմանը, ապա դատարանը գտել է, որ հիմքեր չկան եզրահանգելու, որ դրանց չձեռնարկելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել կայացվելիք դատական ակտի կատարումը:
Այսպիսով, ներկայացված միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակիորեն, որոշելով’ «Հայցագնի’ երեք միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դնել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին և Սոնա Գրիգորյանին պատկանող գույքի’ բացառությամբ դրամական միջոցների վրա»: Հավելենք նաև, որ միայն պատասխանողների դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդության մերժումն ամբողջությամբ բավարար է, որ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության բնականոն գործունեությունը չխոչընդոտվի հայցի ապահովման կիրառման հետևանքով: Պատասխանող ընկերությունը տնօրինում է իր դրամական միջոցներին ամբողջությամբ, այնպես’ ինչպես տնօրինում էր մինչև հայցի ապահովման միջոցի կիրառումը, ուստի կարող է կատարել իր գործունեությունից բխող ցանկացած վճարում, ինչպես նաև ստանալ օգուտներ:
Բացի այդ, դատարանը մերժել է նաև հայցվորի միջնորդության’ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությանը և Սոնա Գրիգորյանին մինչև վեճի ավարտը «Ժողովուրդ» օրաթերթում կամ այլ լրատվական միջոցներով սույն գործով քննարկվող խնդիրը, այդ թվում նաև’ դատական վեճի ընթացքը լուսաբանելն արգելելու մասով հայցի ապահովման միջոցի կիրառումը:
Այս հանգամանքներում հրապարակվող այն կարծիքները, թե իբրև խմբագրության հետագա գործունեությունը վտանգված է, անհիմն են ու մտացածին:
Ինչ վերաբերում է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրի հրապարակավ հայտնած այն կարծիքին, թե դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելիս «ինչ-ինչ պատճառներով» շտապել է, ապա հայտում ենք, որ դատարանի «շտապողականությունը» ելնում է ոչ թե «ինչ-ինչ պատճառներից», այլ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ պահանջից, համաձայն որի’ «Միջնորդությունը քննարկվում է այն ստանալու օրը, և կայացվում է որոշում»: Այս դրույթը չունի բացառություններ, այդ թվում այն դեպքում, երբ մեկ այլ դատարանում նույն կողմերից ավելի վաղ ստացվել և քննության է առնվել ցանկացած այլ հայցադիմում:
Հավելենք նաև, որ նույն կողմերի միջև առկա մյուս քաղաքացիական գործով («Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությունը և Սոնա Գրիգորյանն ընդդեմ Խաչիկ Խաչատրյանի), չի ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում