Ֆրանսիական համալսարանը նոր որակ և շունչ է հաղորդել հայ-ֆրանսիական համագործակցությանը. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառմանը:

Շնորհավորելով համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և շրջանավարտներին գործունեության 15-ամյա հոբելյանի առթիվ՝ վարչապետը նշեց, որ բարձրագույն կրթության եվրոպական չափանիշների ներդրմամբ՝ Ֆրանսիական համալսարանը նոր որակ և շունչ է հաղորդել հայ-ֆրանսիական համագործակցությանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի ու կրթության և գիտության նախարարությունների համագործակցության շնորհիվ համալսարանը դարձել է հայ-ֆրանսիական գործընկերության յուրօրինակ փարոս:

«Մեր երկրի բուհական համակարգում վաղուց իր ուրույն տեղն ու բարձր վարկանիշն ունեցող Ֆրանսիական համալսարանի կարևոր առանձնահատկությունն է Հայաստանի ու Ֆրանսիայի կրթական համակարգերի տարիների ընթացքում կուտակած փորձի համադրումը: 15-ամյա գործունեության արդյունքում համալսարանը կառավարման, մարքեթինգի, ֆինանսների և իրավագիտության բնագավառներում դիպլոմներ է շնորհել շուրջ 1500 շրջանավարտի»,-  ասաց  կառավարության ղեկավարը՝ ավ ելացնելով, որ այսօր Ֆրանսիական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներն իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, ակտիվ ներգրավված են մեր պետականության ամրապնդման, տնտեսության հզորացման, բարձր արժեքային համակարգ ունեցող քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:

Վարչապետը նշեց, որ այս ցուցանիշները հանդիսանում են համալսարանի մանկավարժական և վարչական անձնակազմի նվիրված աշխատանքի, Հայաստանի ու Ֆրանսիայի իշխանությունների, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի շարունակական աջակցության, ինչպես նաև համալսարանի գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության արդյունք:

Իր հերթին, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ընդգծեց, որ համալսարանի գործունեությունը մեծապես նպաստել է հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու երկու պետությունների կապերի սերտացմանն ու ընդլայնմանը. «Հերթականն անգամ հաստատվեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում կարող ենք կյանքի կոչել նման նախագծեր»: Ֆրանսիայի դեսպանը միաժամանակ ցավով նշեց, որ Հայաստանի անկախացումից ի վեր  ֆրանսերեն սովորողների թիվը նվազում է:

Միջոցառման ավարտին բարձրագույն կրթության ֆրանսիական և եվրոպական կրթական չափորոշիչների հայաստանյան տեղայնացման, մասնագիտական կրթության ոլորտի ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև համալսարանի հիմնադրման 15-ամյա հոբելյանի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով  պարգևատրեց «Հայաստանում ֆրանսիական հա­մալսարան» հիմնադրամի ռեկտոր, տեխնիկական գի­տությունների դոկ­տոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստին: ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեց նաև Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ, հումանիտար գիտութ­յուն­ների դոկտոր, պրոֆեսոր Ժակ Կոմբը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում