Գավառի մանկատան սաները գտնում են իրենց տեղը մեր հասարակությունում

Գավառի մանկատան պատերը լքեց հերթական հարսնացուն: Մանկատան սան Աշխեն Մուրադյանը եւ ՀՀ ԶՈՒ ոստիկան Սարգիս Մխիթարյանը, առաջնորդվելով հայկական հարսանիքի բոլոր ավանդույթներով, հունիսի 30-ին կնքեցին իրենց ամուսնությունը:

Աշխենը Գավառի մանկատանն ապրում է արդեն 4 տարի իր եղբոր՝ Սարգսի հետ: Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի տեղեկություններով, 18-ամյա Աշխենն ու 16-ամյա Սարգիսը միայնակ մոր զավակներ են, եւ 12 տարուց ավելի ապրում են մանկատներում, սկզբում Մարի Իզմիրլյանի անվ. մանկատանը, հիմա արդեն՝ Գավառի: Նրանց մայրը ողջ է, ում հետ առանձնապես շփում ու կապ չեն ունեցել զավակները, սակայն Աշխենի հարսանյաց հանդեսին հրավիրվել ու ներկա է գտնվել:

Այս մանկատնից հարս տանելը մանկատան պատմության մեջ առաջին դեպքը չէր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, վերջին տասը տարում Գավառի մանկատան սաներից 11 աղջիկ ամուսնացել ու օրինակելի ընտանիք են կազմել: «Իսկ եթե նկատի առնենք մեր մանկատան վերջին 3 տասնամյակների պատմությունը, ապա 36 աղջիկ ենք ամուսնացրել: Բոլորն էլ ունեն կայուն ընտանիքներ, բարձր են պահում ընտանիքի գաղափարը: Եվ մինչեւ ամուսն ությունը չզգալով ընտանիքի քաղցրությունը՝ հիմա նրանք ամենայն պատասխանատվությամբ ու նվիրումով բարձր են պահում ընտանիքում հայ կնոջ ու մոր դերը»,– նշեց Նիկոլայ Նալբանդյանը:

Տղաների 18 տարին լրանալուց հետո զորակոչվում են Հայոց բանակ, ապա վերադառնում եւ որոշ ժամանակ ապրում մանկատանը, մինչեւ աշխատանք են գտնում կամ մասնագիտություն ընտրում: Տղաներին մասնագիտություն ընտրելուն մեծապես օգնում է մանկատան հիմնական բարեկամը՝ Հայկական բանակը: Տղաները աշխատանք են գտնում ՀՀ ոստիկանական համակարգում կամ պայմանագրային զինծառայության անցնում եւ այլն: Վերջին մի քանի տարում մանկատունը համագործակցում է «Արմթաբ տեխնոլոգիի» հետ, որի ջանքերով մանկատան չափահաս տղաները գտնում են համապատասխան աշխատանք, ընկերությունը նաեւ փոխհատուցում է նրանց բնակարանային վարձավճարը: Պետության կողմից իրենց հատկացված բնակարաններն ստանալուց հետո տղաները հիմնականում գտնում են իրենց կյանքի ընկերոջը, ամուսնանում ու ստեղծում իրենց օջախը:

Մանկատան աղջիկների 18 տարին լրանալուց հետո նրանք վերաբնակվում են Էջմիածնում գտնվող «Մեր տունը» ու Երեւանի «Հուսո այգի» օրիորդների համար նախատեսված կազմակերպություններում: Երկու կառույցներում էլ աղջիկները ստանում են կրթություն, դաստիարակվում՝ լավ կին ու մայր դառնալու համար:

Գավառի մանկատունն ունի 64 սան: Նրանցից միայն Գրետան է այս տարի դառնում 18 տարեկան, ով արդեն ընտրել է իր բնակության վայրը: Քննություններն ավարտելուց հետո նա կտեղափոխվի մայրաքաղաքի «Հուսո այգի», որտեղ էլ կշարունակի իր բուժքույրական կրթությունը: Նա արդեն տեղափոխվել է եւ ուսումը կշարունակի Երեւանի «Էրեբունի» բժշկական քոլեջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում