Սերժ Սարգսյան. «Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կշահագործվի»
Նմանատիպ
Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի ոչ հեռու ապագայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ այս մասին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը’ պատասխանելով նոյեմբերյանցիներից մեկի հարցին:
Սերժ Սարգսյանը նշեց, որ օդանավակայանին առնչվող բոլոր հարցերն արդեն լուծված են: «Մենք գրեթե պատրաստ ենք թռիչքներին: Որպեսզի օդանավը թռչի, անհրաժեշտ է օդանավակայան իր բոլոր սարքավորումներով, եւ դրան մենք գրեթե պատրաստ ենք: Շահագործման հետ կապված մի քանի հարց լուծելուց հետո Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի գործել»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը քննարկել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ փետրվարի 28-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին նշված էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմիբ համանախագահների հայտարարության մեջ:
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև հայկական պետականությունների սահմանների անվտանգության խնդրին: Սահմանը ամուր և պինդ է առաջին հերթին ձեզնով, մեր բանակով, մեր զինվորով, մեր սպայով, այսինքն’ մարդկանցով: Բերդում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Իհարկե կարևոր են պաշտպանական կառույցները, սպառազինությունները, բայց որևէ սպառազինություն, որևէ պաշտպանական կառույց առանց մարդու ոչինչ է: Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր բանակի մարտունակությունը, շարունակելու ենք ամրապնդել մեր սահմանը, որովհետև թիվ մեկ խնդիրը մեր ժողովրդի անվտանգությունն է» – մեջբերում է Սերժ Սարգսյանի խոսքը Panorama.am գործակալությունը:
Թեկնածուի խոսքով, Հայաստանի սահմանները պահող թիվ մեկ կարևոր գործոնը «մեր ժողովրդի ու առաջին հերթին սահմանամերձ շրջանների բնակիչների բարձր, իսկապես մարտական ոգին է, ապրելու և արարելու ձգտումը»:
Նա հիշեցրեց, որ մարտը միայն պատերազմի դաշտում չէ:
«Մարտը նաև խաղաղ պայմաններում է, քանի որ մենք ամենակատաղի պայքարը պիտի մղենք սեփական թերությունների դեմ: Ծուլությունը, տգիտությունը, գոռոզամտությունը մեր ամենամեծ թշնամիներն են»-ասաց Սերժ Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում