Անտարբերությունը՝ սիրո թշնամին…

Ամուսնությունը դրա՞խտ է, թե՞ արտաքսում դրախտից… Խորագիր, որն իր մեջ ներառում է բազմաթիվ ենթահարցեր, որոնց բարձրաձայնմամբ և քննարկմամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի առաջնորդարանում մեկնարկեց «Կանա» քիստոնեական, կրթական կենտրոնի առաջին դասախոսություն-քննարկումը: Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանն իր կյանքի փորձը և հոգևոր խորը գիտելիքները փոխանցեց ամուսնացած և ամուսնության պատրաստվող զույգերին, թեմայով հետաքրքրված անհատներին: Հանդիպման հյուրերն էին ամուսիններ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանը և հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը, ովքեր իրենց օգտակար, հետաքրքիր խորհուրդներով և կենսափորձով կիսվեցին ներկաների հետ:

Արդյո՞ք սերն ամեն ինչ ներում է, մի՞թե սիրո հակառակն ատելությունն է, որո՞նք են սերը բնորոշող երեք բառերը, որո՞նք են սիրո աստիճանները: Կենցաղային խնդիրներով հագեցած համատեղ դրախտային կյանք. ի վերջո ո՞րն է բանաձևը, ինչպե՞ս չվիճել ու խնդրի լուծումներ փնտրել, վիրավորվել, բայց լռել թե՞ խոսել, ո՞ր հարցի շուրջ արժե երկար մտածել նախքան ամուսնանալը, ինչու՞ են մարդիկ շնանում, վիճելը նշանված ժամանակ ցանկալի՞ է… Հարցեր, որոնք հանդիպման ընթացում ստացան իրենց բովանդակալից պատասխանները: Ներկայացվեցին նաև առակներ, որոնցից մեկում սիրո և սիրահարվածության զրույցի ժամանակ ասվում է, թե սերն ամեն ինչ կարող է ներել՝ բացի անտարբերությունից: Ի հավելումն առակի, Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը նշեց, որ ի տարբերություն անտարբերության, անգամ վեճի մեջ հաղորդակցություն կա, և այսօր հավատքի դեմ մեծագույն թշնամին աթեիզմը չէ, այլ՝ անտարբերությունը: Ամուսնության մեջ հարգանք պիտի լինի. «Մենք կարող ենք վերականգնել ամուսնությունը: Մի կարծիր, թե քո կյանքը պետք է լինի կատարյալ, որովհետև դու կատարյալ չես, աճման ընթացքում ես: Մենք՝ որպես մարդիկ, աճման ընթացքում ենք ֆիզիկապես, աճում ենք նաև մտքի առումով», – նշեց քահանան՝ հիշեցնելով ու մեկնաբանելով Աստվածաշնչում սերը բնորոշող բառերը:

«Կենցաղային տարատեսակ խնդիրները չպետք է խոչընդոտեն ընտանիքին», – դրախտային ընտանիքի ստեղծման շուրջ իր տեսակետը ներկայացրեց հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը. «Կենցաղային խնդիրներից շատ քչերն են ազատված: Եթե փորձենք ամեն քայլը քննարկել և վերլուծել, դրանք չեն բարդանա և լուրջ խնդրի առաջ չեն կանգնեցնի: Շատ կարևոր է, որ մինչև ամուսնանալը փեսացուն և հարսնացուն միմյանց ճանաչեն այնպիսին, ինչպիսին կան: Մինչև ամուսնանալը մենք մեզ ցույց չենք տալիս այնպիսին, ինչպիսին չենք: Փոքրիկ խնդիրները չեն խանգարի, եթե շատ սկզբունքներ մի կողմ չդնենք և կանգ չառնենք, թեթև չլինենք, հակառակ դեպքում խնդիրներն աճում և ձնագնդիկի նման մեծանում են»:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանը սկզբունքային որոշակի հարցերի վերաբերյալ որոշակի միասնական մոտեցումը չափազանց կարևորեց դրախտային ընտանիք ձևավորելու համար և այն ներակայացրեց ընտանեկան իրավունքի տեսանկյունից. «Ընտանիքում պետք է գործի իհարկե նաև իրավունքի գերակայությունը, բայց նախևառաջ՝ միմյանց նկատմամբ սիրո և հարգանքի գերակայությունը: Եթե զույգը կարողանա ապահովել նշված մոտեցումը, մի շարք խնդիրներ իսպառ կվերանան, քանի որ եթե կա բավարար հարգանք, սեր, կենցաղային խնդիրները պարզապես երկրորդ պլան են մղվում: Ամենատարածված խնդիրն ընտանեկան հարաբերություններում այն է, երբ կողմերից մեկը մյուսին վիրավորում է առանց գիտակցելու: Ամենակարևոր մոտեցումը նման իրավիճակներից խուսափելու համար խնդրի մասին խոսելն է»:

Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը հոգևոր կյանքում կարևորեց կիրակի օրերը միասին եկեղեցի գնալը. «Եկեղեցին ընտանիք է, իսկ ընտանիքը՝ փոքր եկեղեցի: Միասին եկեղեցի գնալը կզորացնի միությունը: Այն ընտանիքը, որը միասին է աղոթում՝ միասին է մնում»:

Արևիկ Ուդումյանը կարևորեց դասընթաց-քննարկման գաղափարը. «Նման հանդիպումներ ինչքան շատ լինեն, այնքան լավ կլինի, կմոտենանք եկեղեցուն: Եթե այսօր խոսում ենք ամուսնություններից, ուրեմն նման հանդիպումները կամրացնեն ամուսնությունները»:

Արամ Վարդևանյանը ևս գոհ էր հանդիպումից. «Միջոցառման գաղափարը որոշակի առումով հիմնական գրավականն է, որ միաժամանակ հնարավոր է լինում ներկայացնել թե մեր եկեղեցական կրոնական արժեքները, որոնց մենք պետք է հավատարիմ մնանք, և թե մարդկանց փորձը, որը կարևոր է, քանի որ մենք հաճախ ոչ լիարժեք ենք պատկերացնում այն պատգամները և այն առաքելությունը, որն իր մեջ ունի ընտանիքը, և այն հարցերը, որը մեզ հուշում է մեր կրոնը: Կարելի է ասել՝ մենք ընթանում ենք ըստ մեր պատկերացումների, սա որոշակի առումով իմաստության փոխանցում էր մեզ»: Տեր Տաճատը կարևորեց հանդիպումը՝ նշելով. «Ինձ համար չափազանց կարևոր է, որ մեր երիտասարդները լուրջ ընդունեն այս հարցերը: Ամուսնությունը միայն կենակցելը չէ, ամուսնությունն ընտանիք կազմելն է, իսկ ընտանիքը միայն սիրով կկազմվի»:

Հանդիպման վերջում ներկաներին բաժանվեցին պսակի խորհրդի, մարդկային պատմությունների գրքույկներ, որոնք հաջորդ հանդիպման մասնակիցները կարող են քննարկել և վերլուծել: Դասախոսություն–քննարկումն իր խոսքով և ներկաների հետ աղոթքով ամփոփեց Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում