ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով Մանանա Կոբախիձեի այցը Հայաստանի խորհրդարան, հույս է հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ բազմակողմ կապերի խորացումն ու ընդլայնումը: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային հարթակներում:
Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժեւորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Տիկին Կոբախիձեն գոհունակությամբ փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերը:
Զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից: