Ռուսաստանը պետք է փոխի Ադրբեջանին մատակարարվող սպառազինության տեսականին. ռուս փորձագետներ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անհրաժեշտ է սահմանել միջազգային վերահսկողություն, մասնավորապես՝ տեղադրել սարքեր, որոնք թույլ կտան պարզելու, թե որ կողմն է հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողը: Այս մասին «Լեռնային Ղարաբաղն այսօր. հայացք հյուսիսից» թեմայով քննարկմանն ասել է ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը, հաղորդում է «Նովոստնիկ.ռու»-ն:

«Բայց սա հնարավոր է միայն փոխվստահության պայմաններում, իսկ դա չկա: Եվ այս պարագայում ինչպես է հնարավոր փոխել իրավիճակը, ես չգիտեմ»,-նշել է նա՝ միաժամանակ հավելելով, թե սկզբի համար պետք է ծանր տեխնիկան հեռացնել և տեղակայել այնպիսի հեռավորության վրա, որտեղից հնարավոր չլինի թիրախավորել բնակավայրերը, հակառակ դեպքում նոր կոնֆլիկտի ականատես կարող ենք լինել:

Ռազմական փորձագետի խոսքով, Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր կարող է որոշ պարտավորություններ ստանձնել.

«Առաջին՝ ռուսական կողմից փոխել սպառազինության անվանացանկը կամ տեսականին, դա հակամարտության կարգավորմանն ուղղված քայլ կլինի: Երկրորդ՝ պետք է կատարել Հայաստանին զենքի մատակարարման պայմանագրային պարտավորությունները: Սպառազինական անհավասարակշռությունը պետք է վերացնել, հակառակ դեպքում ոչ մեկ ոչինչի շուրջ չի պայմանավորվի»-վստահեցրել է Եվսեևը: 

Այս համատեքստում փորձագետը նշել է, որ ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահներ չպետք է տեղակայել, դրա համար չկան պայմաններ.«Խաղաղապահների տեղակայման հարցը պետք է քննարկել, երբ վստահության նվազագույն  մակարդակի հասած կլինենք»:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին, Եվսեևը նկատել է, որ այն անսպասելի չէր՝ հիշեցնելով, որ 2015-ի օգոստոսից ամեն ինչ պատերազմի էր տանում: Մասնավորապես, հոկտեմբերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ օգտագործեց համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև կիրառվեցին հաուբիցներ, տանկեր, մարտական սարքավորումներ, այսինքն՝ հակամարտության ժամանակ օգտագործվեցին գրեթե բոլոր զինատեսակները: 

Ըստ Եվսեևի՝ Ադրբեջանը, ունենալով սպառազինական առավելություն, չկարողացավ հաղթել պատերազմը հայ զինվորի հերոսության, ժամկետայինների դրսևորած ամրության և աննկուն ոգու շնորհիվ, այլապես այլ իրավիճակ էր լինելու Ղարաբաղում:

Հանդիպմանը ներկա քաղաքագետ Անդրեյ Արեշևը համաձայնել է վերը նշված մտքերի հետ՝ Ադրբեջանին մատակարարվող սպառազինության տեսականին պիտի փոխի Ռուսաստանը՝ խուսափելու  հայ հասարակության շրջանում հակառուսական տրամադրություններից, երկրորդ՝ ուժերի հավասարակշռությունը պայմաններ կստեղծի կառուցողական բանակցությունների համար:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում