Ս.Սարգսյան. «Զազրելի հանցագործություն՝ ուղղված ոչ միայն Պարույր Հայրիկյանի, այլև մեր պետականության դեմ»
Նմանատիպ
Ինչպես արդեն նշեն ենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նախօրեին մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանին: Տեսակցությունից հետո երկրի ղեկավարը իրավիճակի մասին իր կարծիքն է հայտնել լրագրողներին:
Ինչպես հաղորդում է Times.am-ի թղթակիցը Սուրբ Գրիգոր Լուսավորի բժշկական կենտրոնից, Ս.Սարգսյանն ընդգծեց, որ այդ քայլով նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն հունի վրա:
«Զազրելի հանցագործություն, ոչ միայն Պարույր Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն Պարույր Հայրիկյան պետական գործչի, այլև մեր պետականության դեմ: Ակնհայտ է, նրանք ովքեր կանգնած են հանցագործության հետևում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Թող բոլորը վստահ լինեն, որ մեր իրավապահ մարմիները ամեն ինչ անելու են, բացահայտելու հանացագործությունը: Բժիշկները շատ բան արդեն արել են: Վստահ եմ, որ կարճ ժամանակում Պարույր Հայրիկյանը ապաքինվելու է: Առողջություն մաղթենք բոլորով»,-ասաց ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ էր արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա՝ աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Պ. Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Այսօր Պ.Հայրիկյանը բարեհաջող վիրահատություն է տարել: Նրա վիճակը բավարար է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում