«Եթե Ժիրայր Սեֆիլյանը գա ասի զենքերը վար դրեք, մենք անում ենք» (տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբի ադամ Պավլիկ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե ինչի համար են ընտրել ՊՊԾ գունդը: Ըստ նրա՝ այս զորամասից են սկսել, որովհետև այն դարձել էր բութ գործիք՝ տրորելով ժողովրդի վերքը` դա կլինի Մարտի 1, հունվարի1…«Մենք որոշեցինք այդ գործիքը խլել նրանց ձեռքից.  այսպես չէր կարելի, ժողովրդից ծնված, ժողովրդից սնվող այս դոխոբուռները էս օյինը, որ բերում են մեր ժողովրդի գլխին` քացու տակ գցելով նրա արժանապատվությունը»:

Մանուկյանը շեշտեց, որ  գործողության ընթացքում կատարվել է իրենց նախատեսածը՝ գուցե ոչ գերազանց. «Եղավ նաև զոհ, բայց նման գործողություններն առանց զոհերի չեն լինում: Մենք համազարկով հարգեցինք նրա հիշատակը: Ոստիկանները փորձեցին հակագրոհի անցնել և դա տխուր հետևանք ունեցավ»:

Պավլիկ Մանուկյանը շարունակեց՝ ժողովուրդը պետք է տեր կանգնի իր հաղթանակին, այն չպետք է անձնավորվի. ոչ մի կուսակցություն խառնվելու իրավունք չունի:

Խմբի անդամներից Արայիկ Խանդոյանը ևս պնդեց՝ չեն հանձնվելու, իսկ Վարուժան Ավետիսանն իր հերթին ակնարկեց, որ տարիների ընթացքում մշակված ծրագիրը չի կարող դրական արդյունք չտալ. «Մենք ստեղծում ենք նոր պետություն, մենք վերակերտում ենք Հայաստանի Հանրապետությունը: Մեզ չի հաջողվել այսքան տարիների ընթացքում պետություն ստեղծել: Սա քվազիպետություն է, այսպիսի պետություն չի լինում, այստեղ ինստիտուտներ չկան: Այսպես հնարավոր չէ առաջ գնալ»: 

Խմբի անդամները շարունակում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը։ Իսկ այն, որ Վիտալի Բալասանյանը հայտարարել է, թե իրենք հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց, ասացին.«Ժամանակ տվեք կողմնորոշվի Վիտալի Բալասանյանը։ Եթե Վիտալի Բալասանյանը կարող է մեկի անունը տալ, որ հրաժարվել է այդ պահանջից, կանչեք թող տա»: 

Նրանցից Սեդրակ Նազարյանն ասաց, որ  Սերժ Սարգսյանի հետ՝ որպես մարդու, որևէ խնդիր չունի, և ըստ նրա, երեք նախագահներն էլ քաղաքական ասպարեզից պիտի հեռանան: 

Ի դեպ, վերջինն ասաց՝ «եթե Ժիրայր Սեֆիլյանը գա ասի զենքերը վար դրեք, մենք անում ենք»:

Մանրամասները՝ Ա1+-ի տեսանյութում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում