Սեֆիլյանն ասել է`Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գլխավոր թեման չի լինի հեռացման պահանջը. Ենիգոմշյանի պարզաբանումը (տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբի տղաների համաձայնությամբ բանակցությունները պետք է շարունակվեն Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ, այս պահին սակայն տեղեկություններ չկան:  Այս մասին Խորենացի փողոցում հրավիրած ասուլիսին հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Մեր պահանջն է, որ բանակցող կողմը ժողովրդին տեղեկացնի բանակցությունների ընթացքը,  նաև  նախաձեռնող խմբին հնարավորություն տրվի կապի մեջ լինել տղաների հետ, որպեսզի հասնի ճշմարիտ տեղեկություններ: Սխալ տեղեկությունների  տարածումից խուսափելու համար իշխանությունները տղաներին պետք է տրամադրեն դրսի հետ կապի հնարավորություն, որը կնպաստի իրավիճակի լիցքաթափմանը»,-ասաց նա՝ նշելով, որ ներկա պահին ինքը բանակցություններին չի մասնակցում, բայց կարող է հետագայում նորից մասնակցել:

Հարցին՝ ինչ պիտի անի Աշոտ Մինասյանը որպես բանակցող, որը չարեց Վիտալի Բալասանյանը, Ալեք Ենիգոմշյանը նկատեց, որ տղաների պահանջները հստակ են և գնդակն իշխանությունների դաշտում է.«Ասել, թե թող տղաները վայր դնեն զենքերը և այդ ժամանակ ես կհանդիպեմ Ժիրայր Սեֆիլյանի հետ, լուրջ մոտեցում չէ»:

Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվում է նախագահի հրաժարականի պա­հանջից, Ենիգոմշյանը հերթական անգամ նշեց, որ տեղի է ունեցել փաստերի խեղաթյուրում:

«Այն, ինչ հայտարարեց Վիտալի Բալասանյանը նորություն չէր, բայց իր հայտարարության ձևակերպումը խեղաթյուրում էր: Իմ կողմից ասեմ, որ բանակցություններին Ժիրայր Սեֆիլյանի գործուն մասնակցությունն ամենաէական խնդիրն է: Ցանկացած մարդուց ավելի Ժիրայր Սեֆիլյանը կարող է ներդրում ունենալ իրավիճակի լիցքաթափմանը, բայց 8-րդ օրն է իշխանությունները նրան պահում են մեկուսացման մեջ, փորձում են համոզել Սեֆիլյանին, որ ինքը տղաներին հորդորի զենքերը վայր դնել: Դրանք թյուր փորձեր են. ոչ Ժիրայր Սեֆիլյանը, ոչ էլ տղաները նման քայլի կգնան: Հաստատապես ասեմ՝ եթե անգամ Սեֆիլյանը հեռվից նման հորդոր անի, տղաները չեն գնա այդ քայլին: Ժիրայր Սեֆիլյանը պահանջում է հանդիպում տղաների հետ,  նաև Սերժ Սարգսյանի՝ քննարկելու այս իրավիճակից դուրս գալու միջոցները, որոնք կարող են լինել միայն քաղաքական: Չեմ ուզում ասել ոչ ռազմական, այլ միայն քաղաքական, բայց առանց Հայաստանին վերաբերող քաղաքական քննարկումների, այս խնդիրը հանգուցալուծում չի ունենա: Ժիրայր Սեֆիլյանն ընդամենն ասել է՝ եթե ինքը կարող է հանդիպել տղաներին, մոտիկից հասկանալ մտադրությունները, մաքսիմումն ու մինիմումը, հետո հանդիպել Սերժ Սարգսյանին, որի ժամանակ իր գլխավոր թեման չի լինելու հրաժարականի պահանջը, այլ իրավիճակի հանգուցալուծման փորձերը: Սեֆիլյանը դա է ասել,  նա չի ասել, որ սկզբունքորեն  հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Այս նրբության մեջ թյուրըմբռնում չպետք է լինի»,-պարզաբանեց Ենիգոմշյանը:

Տեսագրությունը՝ Ա1+-ի 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում