Պ.Հայրիկյանը չի բացառում, որ այսուհետ զենքով և թիկնապահներով կլինի
Նմանատիպ
Պարույր Հայրիկյանի համար գիշերը նորմալ է անցել, ցավեր չի ունեցել, ինքնազգացողությունը լավ է: Այս մասին Հայրիկյանն անձամբ է հայտնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի դիմաց հավաքված մարդկանց: Ինչպես տեղեկացնում է news.am-ը, Հայրիկյանն իր ոտքով է հասել դռների մոտ, լուսանկարից երևում է, առանց որևէ մեկի օգնության:
Նախօրեին վիրահատված Հայրիկյանին թեև բժիշկներն ասել են, որ մեկ շաբաթ պետք է պրոցեդուրաներ ընդունի, մեկ շաբաթ էլ մնա հիվանդասենյակում՝ հսկողության ներքո, բայց ինքը կարծում է, որ ավելի շուտ դուրս կգրվի։
ՀՀ նախագահի թեկնածուն ասել է, որ դեմ է նոր ընտրություններին, իսկ ընտրությունները հետաձգելու վերաբերյալ դիմում դեռ չի գրել, վերջնական որոշում չունի:
«Ես դեռ որոշում չեմ ընդունել, բայց ամեն ինչ գնում է այն հունով, որով պետք է գնար, այսինքն՝ ամսի 18-ին ընտրություն պիտի լիներ, ես դեռ հայտարարություն չեմ արել»,- ասել է նա։
Պարույր Հայրիկյանից հետարքրքվել են, թե այս դեպքից հետո զենքով ու թիկնապահներո՞վ է ման գալու, ինչին ի պատասխան, նա հայտնել է, որ կանի այն, ինչ օրենքը թույլ է տալիս և պահանջում է։ «Ես իրականում շատ կոշտ ձևով հրաժարվել էի զենքից, բայց եթե դու գնում ես շատ կոշտ գործի, պիտի իմանաս, որ պետք է ապահովես քո անվտանգությունը»,- ասաց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում