Պ.Հայրիկյանի մահափորձի գործով մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ
Նմանատիպ
Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև՝ դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին ապօրիանաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 2013թ. փետրվարի 1-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:
Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը գրավոր ցուցում է տվել ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության փորձառու քննիչներին համատեղ քննչական խումբ կազմելու վերաբերյալ’ նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում և անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի և լրիվ ծավալով արդյունավետ կիրականացվի քննչական խմբի միջոցով:
Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը: Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրը քննչական խմբի կողմից ստուգվում է։
Քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև՝ դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ։ Փորձաքննության է ներկայացվել դեպքի վայրից առգրավված 7,62 մմ տրամաչափի 1 գնդակը, ինչպես նաև՝ վիրահատության ընթացքում Պարույր Հայրիկյանի մարմնից հանված միևնույն տրամաչափի ևս 1 գնդակ։
«Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ»,-նշում են դատախազությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում