Անհրաժեշտ նախադրյալներ կան հայ և լատվիացի սահմանապահների միջև համագործակցություն ծավալելու համար
Նմանատիպ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 6-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատար Նորմունդս Գարբարսին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԽ-ից, Նորմունդս Գարբարսը նախ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա նշել, որ Լատվիայի սահմանապահներն այսօր ակտիվ ծառայություն են իրականացնում Եվրոպայում՝ սահմանների պաշտպանության և պահպանման գործում: Լատվիայի սահմանապահներն ինտեգրված են միասնական կրթական համակարգին’ ստանում են որակյալ կրթություն և անցնում վերապատրաստման դասընթացներ:
Նորմունդս Գարբարսը նաև նշել է, որ առկա են անհրաժեշտ նախադրյալներ հայ և լատվիացի սահմանապահների միջև համագործակցություն ծավալելու համար:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ այսօր Հայաստանը Եվրամիության հետ բազմաթիվ ուղղություններով իրականացնում է բարեփոխումներ և Լատվիայի փորձը, որպես Եվրամիության անդամ երկիր, մեծ է ու հետաքրքիր և այն կարող է օգտակար լինել Հայաստանի համար:
Քանի որ Հայաստանը և Լատվիան ԵՄ արտաքին սահմանների կառավարման գործակալության’ FRONTEX-ի հետ ունեն համագործակցության համաձայնագրեր, ապա Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել թե FRONTEX-ի միջոցով և թե երկկողմ իրականացվող համատեղ ծրագրերին և միջոցառումներին, որոնք ամուր հիմք կհանդիսանան սահմանների համալիր կառավարման և սահմանային անվտանգության հետ կապված խնդիրները էլ ավելի արդյունավետ լուծելու համար:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի և Լատվիայի սահմանապահների միջև ուրվագծվող համագործակցությունը առաջիկայում կտեղափոխվի գործնական հարթություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում