Լ.Տեր-Պետրոսյան. «ժամանակն է, որ Կոնգրեսը վերածվի մեկ միասնական կուսակցության»

«Թաքցնելու բան չկա։ Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան։ Որոշ ուժեր և անհատներ դե յուրե, իսկ ոմանք դե ֆակտո դուրս են եկել դաշինքից։ Ես սա շատ բնական եմ համարում, որովհետև փոխվել են ոմանց մոտեցումներն ու ակնկալիքները, փոխվել է քաղաքական օրակարգը, փոխվել են մեր առջև կանգնած խնդիրները, ինչը կազմակերպական նոր լուծումներ է պահանջում»։ Այս մասին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ հարցազրույցում հայտնել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Հասկանալի է, որ Կոնգրեսն այլևս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում։ Որպես տարբեր քաղաքական ուժերի և անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք, Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու և պայքարը մինչև հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության։ Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այնպիսի հանգրվանում, ինչպիսին էր Համաժողովրդական շարժումից Հայ Ազգային Կոնգրեսի անցման հանգրվանը։ Ո՛չ Համաժողովրդական շարժումը, ո՛չ էլ Կոնգրեսը երբեք քարացած, դոգմատիկ կառույց չեն եղել և ինստիտուցիոնալ առումով միշտ էլ կարողացել են հարմարվել ժամանակի պահանջներին։ Այդ խնդիրը մենք փայլուն կերպով լուծեցինք 2008 թվականին, և վստահ եմ, նույնքան փայլուն կերպով ի վիճակի ենք լուծել հիմա։ Ուստի, նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»,- ընդգծել է ՀՀ առաջին նախագահը։

Այն հարցին, թե ինչպիսին են լինելու Կոնգրեսի հենքի վրա ստեղծվելիք նոր կուսակցության գաղափարախոսությունն ու քաղաքական ծրագիրը, Լ.Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ նոր կուսակցությունը դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում։ Նրա խոսքերով՝ նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի։

«Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի տարբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից, այն է՝ ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ»։

Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք ինքն անձամբ մասնակցելու է կուսակցության ձևավորման գործընթացին և արդյոք որևէ դեր ունենալու է կամ առաջնորդելու է նրա հետագա գործունեությունը, ՀԱԿ առաջնորդն ընդգծել է, որ ջանք չի խնայի այդ կուսակցությունը կայացնելու և մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը դարձնելու գործում։

«Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով, առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայն պատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունը։ Ես մեծ ակնկալիք ունեմ, որ Կոնգրեսի հենքի վրա նոր կուսակցության ստեղծման գաղափարը ոգևորելու է շատերին, և նրան անդամագրվելու են ոչ միայն որոշ քաղաքական ուժեր, այլև Կոնգրեսի բազմահազար անկուսակցական անդամները, որոնց ներկայացուցիչները, վստահաբար, ներգրավվելու են կուսակցության ղեկավար մարմիններում։՛


Հետևեք մեզ նաև Telegram-ում