Չեբուրաշկաները լինում են նաև ընդդիմադիր

Նախընտրական քարոզարշավի ներկայիս փուլը մեր հասարակության՝ որոշակի «արժեքներով» օժտված տարբեր ներկայացուցիչների համար նոր բնութագրիչ բացահայտեց՝ նրանց կոչելով «Չեբուրաշկա»: Կարծում ենք, ոչ ոքի համար նորություն չէր, որ Հայաստանում, ինչպես նաև աշխարհի ցանկացած այլ երկրում, կան մարդիկ, որոնց համար շողոքորթությունը, կեղծավորությունն ու անհամեստությունը կենսակերպի անբաժան մասն են կազմում: Բնական է նաև, որ նման մարդիկ հիմնականում պտտվում են իշխանակիր անձանց շուրջը: Եվ այս առումով որևէ նորություն կամ բացահայտում չկա:

Տարօրինակն այն էր, որ ընդդիմադիր մի շարք գործիչներ, փորձեցին օգտվել նախընտրական փուլում ասպարեզում հայտնված չեբուրաշկաների գործոնից և իշխանությունների համար կերտել «Չեբուրաշկայի» կերպար: Բայց, ինչպես ասվում է, ձմեռն աշունից շուտ եկավ:

Պետք է նշել, որ ի սկզբանե ընդդիմադիրների քարոզչությունը բավական հարթ էր ընթանում: Չնայած նրանց փաստարկները բավարար չէին իշխանություններին վարկաբեկելու համար, բայց խրախճանքի տրամադրություն ընդդիմադիրների շարքերում հաստատ ստեղծվել էր: Եվ սա տևեց այնքան ժամանակ, մինչ պարզվեց, որ չեբուրաշկաներ առկա են նաև ընդդիմության շարքերում: Ինչպես միշտ, գործը «հարամեց» ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Վերջինս Yerkir.am-ի հետ զրույցում ասել է, որ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա կգրի Լևոն Տեր-Պետրոսյանի անունը: Ի՞նչ է սա, եթե ոչ շողոքորթության դասական օրինակ: Եվ արդյոք շողոքորթողներին չէ՞, որ նույն Զուրաբյանի թիմակիցները անվանում էին «Չեբուրաշկա»: Հետևաբար, պետք է փաստել, որ չեբուրաշկաները լինում են նաև ընդդիմադիր: Եվ Զուրաբյանը բացառություն չէ:

 

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում