Տ.Սարգսյանը դպրոցներում քարոզչություն իրականացնելն արջի ծառայություն է որակել, որի կարիքը բացարձակապես չկա

Կրթական համակարգի պաշտոնատար անձիք խստագույնս կպատժվեն, եթե խախտեն այն սկզբունքները, որոնք ամրագրված են օրենքներով և առնչվում են նախընտրական քարոզարշավի կանոնակարգմանը: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով նախագահական ընտրությունների հետ կապված Ազգային ժողովում հնչեցված հայտարարությունները, մասնավորապես, այն մտահոգություններին, որ դպրոցներում ուսուցիչները կարող են նախընտրական գործընթացներին միջամտություն անել:

Վարչապետը կրթության և գիտության նախարարին հանձնարարել է խստագույն վերահսկողություն իրականացնել, որպեսզի դպրոցները որևէ առնչություն չունենան նախընտրական գործընթացներին:

Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը հայտնել է, որ իրենց հիմնական երկու նպատակներն են՝ աապահովել ուսումնական հաստատություններում որևէ քարոզչության չիրականացումը և ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի անխափան կազմակերպումը. «Հիմնական խնդիրները մինչև ընտրարշավն էին, բոլոր մարզպետերին, Երևանի քաղաքապետին գրություններ ենք ուղարկվել, որպեսզի այս երկու խնդիրները միասին լուծենք: Փաստագրված երկու ահազանգ է եղել՝ «Ազատություն» ռադիոկայանի կողմից վավերացված տեսանյութը, որը վերաբերել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի դպրոցին, մյուսը՝ Արարատի մարզի Մասիսի մի շարք ուսումնական հաստատություններին: Ագարակի դպրոցի տնօրենը խիստ նկատողություն է ստացել, երեկ նկատողություն եմ հայտարարել նաև Մասիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենին»:

Աշոտյանը համապատասխան գրությամբ Արարատի մարզպետին առաջարկել է նաև խիստ նկատողություն հայտարարել իր ենթակայությամբ գործող հաստատությունների տնօրեններին: Նախարարի փոխանցմամբ՝ Ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ի կայքում զետեղված են այն վայրերի ցանկերը, որտեղ բոլոր թեկնածուները կկարողանան ընտրարաշավի ընթացքում օգտվել հարմարավետ պայմաններից:

«Խնդրում ենք, որ փաստագրված նյութեր տրամադրեն լրատվամիջոցները, մյուս կողմից ուսումնասիրել ԿԸՀ-ում ներառված դպրոցների ցանկը, որպեսզի այս հարցում թյուրիմացություն չառաջանա: Կան դպրոցներ որտեղ թույլատրված է որպեսզի բոլոր թեկնածուները հանդիպումներ կազմակերպեն: Ինչ վերաբերում է ոչ դասերի ժամին մասնակցությանն այս կամ այն թեկնածուի քարոզարշավին, ապա դա որևէ օրենքով արգելված չէ: Կան բազմաթիվ նյութեր, որոնք վկայում են, որ բազմաթիվ ուսանողներ մասնակցում են ոչ միայն գործող նախագահի ընտրարշավին, այլևս մյուսների քարոզարշավին’ ոչ դասերի հաշվին, ինչն օրենքով արգելված չէ և դուրս է կառավարության լիազորություններից»,- նշել է Ա.Աշոտյանը:

Տ.Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ Ա.Աշոտյանի ներկայացրած օրինակները վկայում են այն մասին, որ իրենք անչափ լուրջ են լինելու և օրենքի որևէ շեղում չի լինելու. «Այդ մարդիկ պետք է իմանան, որ միջամտելով՝ արջի ծառայություն են մատուցում, որի կարիքը մենք բացարձակապես չունենք: Պարոն Աշոտյան պետք է աչալուրջ լինել և դպրոցների բոլոր տնօրենները պետք է իմանան, որ նախարարության կողմից խստագույնս վերահսկվում է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում