Էդվարդ Նալբանդյանը դասախոսությամբ է հանդես եկել Բեյքերի անվան ինստիտուտում (տեսանյութ)
Նմանատիպ
Սեպտեմբերի 26-ին Հյուսթոնում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտ, որտեղ հանդես եկավ Հարավային Կովկասի մարտահրավերների վերաբերյալ ծավալուն դասախոսությամբ:
Հանդիպումը, որին ներկա էին հեղինակավոր վերլուծաբաններ և գիտնականներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հյուսթոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, վարել է ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ամերիկյան ականավոր դիվանագետ, դեսպան Էդվարդ Ջերեջյան’ը:
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է անկախության 25 տարիների Հայաստանի անցած ուղին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, ներկայացրել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները և Ադրբեջանի ապակառուցողական փորձերը` հետ կանգնելու այդ հանդիպումների արդյունքները կյանքի կոչելուց:
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը խոսել է ցեղասպանության հանցագործության կանխարգելման ուղղությամբ միջազգային բեմահարթակում Հայաստանի նախաձեռնող դերակատարության, տարբեր միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածության, տարբեր երկրներում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության, մի շարք միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության, սիրիական ճգնաժամի հետևանքների, միգրացիոն հոսքերի, Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի մասին։
Դասախոսության ավարտին Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում