Ալիևը «կզբաղվի» բամբակագործությամբ. Ադրբեջանը դժվար է «վաճառվում» որպես նավթի երկիր. Ադրբեջանագետ (տեսանյութ)

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 26-ին երկրում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ հանրաքվեին մասնակցել է ընտրազանգվածի 69.7 տոկոսը, Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից 7 տարի դարձնելուն կողմ է արտահայտվել քվեարկողների 91.2 տոկոսը, փոխնախագահների ինստիտուտի ներդրմանը՝ 89 տոկոսը, պատգամավորների ընտրության ժամանակ տարիքային սահմանափակումը վերացնելուն՝ 88.3 տոկոսը, նախագահի ընտրության ժամանակ տարիքային սահմանափակմանը` 91 տոկոսը: 

Մեկ այլ դրույթով` նախագահը ստանում է խորհրդարանը լուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունք: 

Լրագրողների հետ հանդիպմանն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ ադրբեջանական հանրաքվեն ընթացել է ընդունված ճանապարհով՝ քվեաթերթիկների լցոնումներ, ընտրական «կարուսելներ» և բացի վերը նշված դրույթներից, ուշադրություն հրավիրեց  մեկ այլ կարևոր փոփոխության վրա, որը վերաբերում է սեփականաշնորհված հողի առգրավվմանը. դա կարող է տեղի ունենալ, եթե պետությունը համարի, որ այն օգտագործվում է ոչ արդյունավետ:

«Քանի որ նավթի գներն անկում են ապրում, ադրբեջանական կառավարությունը որոշեց իր տնտեսության հիմնական թիրախը դարձնել ագրարային ոլորտը, և ըստ այդ որոշման՝ այն օլիգարխները, գործարարները, սեփականատերերը, որոնք հողն օգտագործում են ոչ արդյունավետ, պետությունն այն առգրավելու է: Սա հիմնականում վերաբերում է բամբակագործությանը, որն ըստ միջազգային կառույցների, նույնպես Իլհամ Ալիևի անձնական բիզնեսի մի մասն է դառնալու»,-շեշտեց Էլիբեգովան:

Ադրբեջանագետն այս համատեքստում հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովը բավականին կրիտիկական զեկույց էր հրապարակել, որին ըստ նրա, Բաքուն պատասխանել էր, թե «փաստաթղթերը չեն ուղարկել, որ դրա մասին կարծիք հայտնեն»:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ներկայացված փոփոխությունները խախտում են իշխանությունների հավասարության սկզբունքն ու աննախադեպ լիազորություններ տալիս երկրի նախագահին:

Իսկ, առհասարակ, Էլիբեգովան վստահ է, որ միջազգային կառույցների կողմից լինելու են «copy-paste» հայտարարություններ, քանի որ այստեղ ևս երկակի խաղ է գնում:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը, ապա այն ադրբեջանագետի խոսքով, մնալու է նույնը, այլ հարց է, որ գնալով վատթարանում են երկրի հարաբերություններն Արևմուտքի հետ. «Ադրբեջանն այլևս չի կարողանում վաճառել իրեն որպես լուրջ նավթային երկիր, որը  Ռուսաստանին այլընտրանք կարող է լինել: Օտարերկրյա ներդրումների քանակը գնալով նվազում է և Ադրբեջանը փորձում է արտաքին աշխարհի հետ լեզու գտնելու ուղիներ որոնել»: 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում