Կեղծ օրակարգ` Հայաստանի և Սփյուռքի համար

Կարելի է մնալ օֆիցիոզի շրջանակներում և պնդել, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ամեն բան կարգին է, որևէ խնդիր չկա: Բայց ակնհայտ է, որ 25-ամյա Հայաստանի Երրորդ Հանրապետությունը խնդիրներ ունի հայկական Սփյուռքում: 25 տարիների ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այդպես էլ չի հաջողվել ձևավորել «հայկական պետություն-հայկական համայնքներ» հարաբերությունների այն մոդելը, որն արդյունավետ փորձեր կաներ լուծելու հայության առջև հասակ առած մարտահրավերները` սկսած հայ-թուրք-ադրբեջանական հարաբերություններից, վերջացրած Սփյուռքում հայության ուծացման վտանգի խնդիրներով:

Ներկայիս Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմքում ռացիոնալիզմի հանդեպ գերիշխում է հուզական տարրը` խնդիրները դարձնելով էլ ավելի խորքային ու հակասական: Ամենամյա համահայկական դրահամահավաքների շրջանակում Սփյուռքում ապրող որոշ հայեր, 10, 100 կամ ասենք 1000(չափն էական չէ) դոլար տրամադրելով, կարծում են, թե Հայաստանն իրենք են պահում, այդ գումարներով է լուծվում բանակաշինության և սոցիալական խնդիրները: Այս մոտեցումը, բնականաբար, Հայաստանում ընդունելի չէ: Մյուս կողմից, Հայաստանում շատերը փաստարկում են, որ ՀՀ քաղաքացի ազգությամբ եզդին կամ հույնը ավելի մեծ օգուտ է բերում Հայաստանին(աշխատելով ու հարկեր վճարելով, զավակներին բանակ ուղարկելով), քան Հայաստան պետության հանդեպ իրավական ոչ մի պարտավորվածություն չունեցող ազգությամբ հայը ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում:

Ամեն դեպքում, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում «չհասկացվածության» խնդիր կա: Ո՞վ է մեղավորը, դժվար է ասել: Մեղքի բաժինը պետք է հավասարապես բաշխել Հայաստան պետության և հայկական Սփյուռքի միջև, հակառակ պարագան` անշնորհակալ ու անիմաստ շրջապտույտն է: Եվ, քանի որ դեռևս չի գտնվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման ամենաարդյունավետ մոդելը, «չհասկացվածությունն» ու քաղաքական սպեկուլյացիաները երաշխավորված են: Վերջին ամենացցուն օրինակը համաշխարհային համբավ ունեցող սփյուռքահայերի մասկացությամբ «Արդարություն Հայաստանին» նախաձեռնությունն է: Կարելի է ենթադրել, որ այս նախաձեռնությունը ծնվել է ոչ թե Սփյուռքում, այլ` Երևանի սրտում տեղակայված Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարարի գրասենյակում:

Պետք է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հյուսիսային պողոտայում տեղակայված օսկանյանական գրասենյակը նման նախաձեռնություններ է մշակում: Հիշենք տարիներ առաջ նույն սփյուռքահայերի մասնակցությամբ բաց նամակը Հայաստանին Նախագահին` Հայաստանի «ԼԳԲՏ համայնքի» իրավունքների մասով: Տպավորություն կար, որ Վ. Օսկանյանի գրասենյակը լուրջ դրամաշնորհ է շահել, գինն էլ` հայտնի սփյուռքահայերի ոտորագրությամբ այդ նողկալի նամակն էր: Մի կողմ թողնենք փաստը, որ Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և Սերժ Թանկյանը Վ. Օսկանյանի նախարար աշխատած տարիների ընթացքում մի թթու խոսք չեն ասել տարվող քաղաքականության մասին: Մի կողմ թողնենք նաև փաստը, որ Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի և Սերժ Թանկայնի քաղաքական PR-ով զբաղվում է հենց օսկանյանական գրասենյակը: Այստեղ խնդիրը շատ ավելի խորքային է. ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանը մակերեսային իմացող, Հայաստանում մշտապես չբնակված մարդիկ կարծում են, որ իրենք տիրապետում են հայաստանյան ընտրական գործընթացի վերահսկման մեթոդաբանությանը և ինչպե՞ս են եկել այն եզրակացությանը, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը ընտրություններն են:

Իհարկե, կարելի է հարցին մոտենալ «գեղական կարգով»` Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվող սփյուռքահայերին ուղարկելով «գրողի ծոցը», բայց դա խնդրի լուծում չէ:Ես անձամբ կարծում եմ, որ Էգոյանը, Խանջյանը, Թանկյանը և այլ սփյուռքահայեր դրական մղումներ ունեն, ուղղակի չէի ցանկանա, որ այդ ամենն ավարտվեր Վ. Չեռնոմիրդինի հայտնի ասույթով`«ցանկանում էինք լավը, ստացվեց` ինչպես միշտ»: Կարելի է նաև հասկանալ, որ Հայաստանում դրական փոփոխությունների համար մտահոգված սփյուռքահայերը լավ տեղեկացված չեն խորքային խնդիրների մասին և չեն պատկերացնում դրանց լուծման ուղղիները:

Թերևս, մեղքը պետական ու հանրային գործիչներինն է, որ «դաշտը խոպան թողնելով»` հնարավորություն են ընձեռել օսկանյանական գրասենյակին ուղեղներ արդուկել Սփյուռքում և համաշխարհային ճանաչում ունեցող սփյուռքահայերին օգտագործել իրենց նեղ խմբային քաղաքական խաղերում: Ով ով, բայց Վարդան Օսկանյանն ու Սալբի Ղազարայնը շատ լավ հասկանում են, որ Հայաստանի խորքային խնդիրներն ընտրությունները չեն: Նրանք շատ լավ հասկանում են, որ ընտրական գործընթացն արդյունավետ աշխատում է այն երկրներում, որտեղ կա քաղաքացիական հասարակություն: Իսկ Հայաստանում քաղաքացիական հասարակություն չկա, կան մեծամասամբ պատվերով աշխատող ակտիվիստական խմբեր: Քաղաքացիական հասարակության առկայության պարտադիր նախապայմանը միջին խավն է, որի տեսակարար կշիռը Հայաստանում շատ փոքր է:

Անկասկասկած, Վ. Օսկանյանի գրասենյակում նաև տեղյակ են, որ ընտրական գործընթացներն այն պետություններում են արդյունավետ աշխատում, որտեղ մեկ շնչին ընկնող միջինացված ՀՆԱ-ն 9.500 դոլարից բարձր է, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը, ցավոք, 4.000 դոլարը չի անցնում: Անկասկած, Վ. Օսկանյանի գրասենյակում ծանոթ են Հեգելի աշխատություններին, որոնցով շուրջ 150 տարի առաջ այս հարցերի պատասխանները տրվել են: Բայց, քանի որ Վ. Օսկայանին է բաժին ընկել Ամերիկա մայրցամաքում հայտնի սփյուռքահայերի հետ սերտ կապեր պահպանելու բախտը, ապա այս մարդկանց ճշմարիտ ուղղին ցույց տալու հարցում բախտներս չի բերել:

Ուղղորդելով հայտնի սփյուռքահայերին` Վ. Օսկանյանն իր խնդիրները կլուծի, միգուցե և առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանում համաշխարհային աղմուկ կբարձրացնի ու կգոհանա, բայց դրանից ոչ Հայաաստանը կշահի, ոչ Սփյուռքը, ոչ էլ` հայտնի սփյուռքահայերը: Կխորանա միայն «չհասկացվածության» անդունդը: Եվ, քանի որ համազգային մակարդակով չի ձևակերպվել այն թեզը, համաձայն որի` Հայաստանի գլխավոր խնդիրը բնակչության փոքր եկամուտներն են, իսկ ամենամեծ հայրենասիրությունը` Հայաստանի ՀՆԱ-ի ձևավորմանը մասնակցությունը, մենք ունենալու ենք այն, ինչ ունենք այսօր` կեղծ օրակարգեր Հայաստանի և Սփյուռքի համար: Կարծես, ինչ-որ ուժերի ձեռնտու է մեզ շեղել իրական զարգացման ճանապարհից և կեղծ օրակարգեր ներդնել մեր ուղեղներում, գործընթացներում ու քննարկումներում: Մինչդեռ, կարելի էր պետական-ազգային նպատակ ձևակերպել` 10 տարում հասցնել մեկ շնչին ընկնող միջինացված ՀՆԱ-ն առնվազն 10.000 դոլարի: Սա կլիներ իրական օրակագ:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում