Էդ.Նալբանդյանը մասնակցել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
Նմանատիպ
Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Թբիլիսիում մեկնարկած Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների պատվիրակությունները:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ կատարվեց Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը և մտքեր փոխանակվեցին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը’ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը և ընդգծեց հայկական կողմի ակնկալիքը մինչև ս.թ. աշնանը կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը եզրափակել Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ներգրավված լինելով Արևելյան գործընկերության բազմակողմ հարթության շրջանակներում համագործակցությանը՝ նախատեսում է այս տարի Երևանում անցկացնել մի քանի միջոցառումներ արդարադատության, երիտասարդական և կրթական փոխանակումների ոլորտներում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը և վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկը:
Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը գալիք սեպտեմբերին Երևանում անցկացնելու պատրաստակամությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում