Բանակը պետք է դառնա պետության և տնտեսության շոգեքարշը. Վիգեն Սարգսյան
Նմանատիպ
Պաշտպանության ոլորտում իրականացվելիք ծրագրերը հիմնված են լինելու զինված ուժերի և բանակի նկատմամբ գերագույն-գլխավոր հրամանատարի և հանրապետության վարչապետի տեսլականի վրա. այն է՝ բանակաշինությունից անցում կատարել ազգ-բանակ կառուցմանը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին: «Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա տարածաշրջանում, այն քաղաքական մարտահրավերները, որոնք առկա են՝ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ մեր իրականության մի մասը: Հետևաբար, պետք է հասկանալ երկու կարևոր գործոն: Առաջինը, պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, որպեսզի մեր բանակը, ինչպես շատ հաճախ ասում են, բացի «ծանր բեռ» լինելուց մեր տնտեսության և պետության համար, դառնա պետության և տնտեսության առաջատարը, շոգեքարշը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Մանրամասնելով ասվածը՝ Վիգեն Սարգգսյանն ընդգծեց՝ դա նշանակում է, որ ոչ միայն նրանք, ովքեր ծառայում են զինված ուժերում, այլ ողջ ազգաբնակչությունը պետք է բանակի հետ կապված ծրագրեր ունենա՝ լինեն դրանք գիտական, հետազոտական, տնտեսական, արդյունաբերական: Նրա խոսքով՝ այդ դեպքում բանակը իրականում կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում: «Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ բանակը, բացի հասարակության հայելին լինելուց, դառնա հասարակության դպրոցն ու դարբնոցը: Այսինքն, բանակից զորացրվող զինվորը պետք է լինի շատ ավելի հայրենասեր, կրթված, ուժեղ, մարտու նակ»,- ասաց Սարգսյանը:
Նա հավելեց, որ սա է լինելու իր հիմնական խնդիրը՝ վստահություն հայտնելով, որ Ազգային ժողովի հետ սերտ փոխգործակցության արդյունքում հնարավոր կլինի դրա համար ստեղծել իրավական հիմք և գործնական քայլեր ձեռնարկել այդ օրենսդրությունը իրականություն դարձնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում