Մեր ազգային շահն անընդհատ առաջին պլան պիտի մղենք՝ մինչև այն դառնա օրակարգային ՌԴ-ի համար
Նմանատիպ
Սիրիական խնդրում, երբ խառնված են աշխարհի հզորները, Հայաստանի պես փոքր պետությունը պետք է շարունակի չեզոքություն պահպանել՝ չսատարելով նրանցից որևէ մեկին, նույնիսկ՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: Ինչ վերաբերում է Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին, ապա մենք ընդունելով այդ դաշնակցությունը, միաժամանակ մեր ազգային շահն առաջին պլան բերելու հանգամանքը երկկողմ հարաբերություններում պիտի անընդհատ ավելի մեծ չափաբաժնով շեշտադրվի՝ մինչև այն դառնա Ռուսաստանի համար օրակարգային:
Այս մասին Times.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
-Լիբանանում քաղաքացիական պատերազմը մեզ հուշում է, որ երբ աշխարհի մեծերն են խառնված, պիտի չեզոք քաղաքականություն վարես: Ոմանք ասում են, թե եկեք սատարենք Ասադի վարչակազմին, ես այդ կարծիքին չեմ, միայն չեզոքությունը թույլ կտա հսկայական սունիական մթնոլորտում գոյատևել: Սիրիայում մեծ մասը սունի են, որոնք շատ արմատական են տրամադրված քրիստոնյաների նկատմամբ, ուստի պետք է լինել չափից ավելի զգուշավոր: Կարծում եմ՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից լինելը չպետք է ստիպի, որ ռուսների կողմից հայերը ներքաշվեն սիրիական խնդրի մեջ: Ռուսասերներն ասում են, որ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, Հայաստանը կարող է խաղաղապահ զորք ուղարկել Սիրիա: Ես էլ եմ ռուսասեր, թող սխալ չհասկացվի, բայց սա չափազանց վտանգավոր է: Կատարյալ չեզոքության պահպանումը համայնքի համար կունենա կարևոր նշանակություն։ Ես չեմ համարում, որ սիրիահայ համայնքն անդառնալիորեն կորսված է։ Լիբանանի տասը տարվա պատերազմը ցույց տվեց, որ այդպիսի դաժան պատերազմից հետո կարող է այն վերագտնել իրեն և դառնալ մայր գաղութ: Նման բան սպասում եմ նաև Սիրիայի դեպքում, երբ քաղաքական իրավիճակի փոխվելուց հետո հայությունը վերադառնալ կարողանա:
–Վերջին օրերին, երբ Հալեպում ակտիվացան հրթիռակոծությունները և ունեցանք զոհեր հայ համայնքից, ակտիվացան պնդումները, որ Սիրիայում ամեն կերպ հայ համայնքը պահելու փորձերը մեղմ ասած՝ սխալ էին և անհեռանկարային: Հիմա ի՞նչ երաշխիք, որ լինելու է այնպիսի քաղաքական իրավիճակ, երբ հայ համայնքը կունենա նախկին դերակատարումը Սիրիայում և երկրի կյանքում:
-Իմ կողմից շատ հարգված դիվանագետ Արման Նավասարդյանը հենց սկզբից ասում էր, որ հայությանը պետք է տարհանել: Փաստորեն ինքը ճիշտ դուրս եկավ: Ասել, որ գաղութը պիտի մնա…մարդկանց կյանքը փրկելու իմաստով պետք էր նրանց ժամանակավորապես տարհանել, հետո ինչպես Լաթաքիայի դեպքում եղավ. Քեսաբի ազատագրումից հետո այնտեղ նորից հայություն հավաքվեց: Այնպես որ պետականորեն այս քաղաքականությունը պիտի ուղղորդել: Խնդիրը շատ բարդ է:
–Թեպետ սիրիական ճգնաժամի կարգավորումը հեռու է, վերջը չի երևում, բայց եթե այսօրվա դրությամբ նայենք՝ Սիրիայում գլխավոր խաղացողներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ինչու չէ՝ Թուրքիայից, ո՞վ իր առջև դրած խնդիրն ինչ-որ չափով կատարեց։
-Ես վերջինից կսկսեի. բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ «Իսլամական պետություն» կոչվածին իրականության մեջ արմատախիլ անելն անհնար է, քանի դեռ գոյություն ունի Թուրքիա պետությունը՝ որպես կայսրություն: Հանրապետություն բառը բնավ չի նշանակում, որ Թուրքիան այսօր կայսրություն չէ: Բազմազգ, ուրիշիների հողի վրա նստած երկիր, որը «Իսլամական պետության» ստեղծման գործում մեծ դերակատարություն ունեցավ, որպեսզի տակնուվրա աներ ամբողջ Միջին Արևելքը և արաբական, իսլամական աշխարհում եղանակ ստեղծողի դերակատարում ունենար: Հանգամանք, որը ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո Ռուսաստանը բազմիցս հրապարակ հանեց, թե ԻՊ-ի արմատները Թուրքիայում են, բայց երբ նորից սիրախաղը սկսվեց՝ ոչ լիարժեք, Ռուսաստանը մոռացավ, թե ինչպես է ԻԼԻՊ-ի գողացած նավթը Թուրքիայի վրայով հասնում Եվրոպա:
Այս մասին այլևս չեն խոսում, որովհետև ռուսական արտաքին քաղաքական հայեցակարգում կա մի մոտեցում, թե Թուրքիային հնարավոր է կտրել ՆԱՏՕ-ից և մերձեցնել իրենց: Այս հանգամանքն ինձ որպես պատմաբանի չի համոզում. ռուս-թուրքական 14 պատերազմները պատմության ընթացքում վկայում են, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը երբեք լավ վիճակ չի ապահովել, որովհետև որքան էլ 1833-ին Ռուսաստանը Թուրքիային փրկեց կործանումից՝ Եգիպտոսի տիրակալ Մուհամեդ Ալիից, իսկ 1920-21 թթ-ին հունական, անգլիական, հայկական զորքերի կողմից թուրքական պետության վերացումից, բայց հետագայում նա ոտքի կանգնեց և հրաժեշտ տվեց Ռուսաստանին, տվյալ դեպքում նաև Խորհրդային միությանը՝ 30-ականների վերջին Մուսթաֆա Քեմալի մահվանից հետո:
Դրա համար ես կարծում եմ, որ այս ամբողջի հիմքում պետք է փնտրել Թուրքիայի՝ երկդիմի քաղաքականությունը, որ մի օր ԱՄՆ-ի հետ է, մի օր Ռուսաստանի, մի օր դեմոկրատիայի հետ է, մի օր իսլամի: Սա տիպիկ արևելյան թուրքական քաղաքականություն է, ուստի այս տարածաշրջանը չի կարող հանգիստ լինել, քանի կա այս պետությունը, որն իմ խորին համոզմամբ մի օր քանդվելու է: Չմոռանանք, որ քրդական խնդիրը սրված է այսօր Թուրքիայում, ի վերջո, քրդական կողմն առաջին անգամ սկսել է թուրքական քաղաքականության մեջ եղանակ ստեղծել՝ խորհրդարանում ներկայություն ապահովելով և Թուրքիայի իշխանություններին ստիպելով շատ ու շատ հարցերում զիջման գնալ:
–Չմոռանանք նաև Արևմտյան Հայաստանի տարածքում Քրդստանի ստեղծման գաղափարի մասին: Քրդերի հետ գործ ունենալը մեղմ ասած՝ պակաս մտածելու, մտահոգվելու առիթ չէ, եթե չասենք…Մյուս կողմից Սիրիայի հյուսիսում քրդական դաշնության ստեղծման պահը կա:
-Սա շատ լուրջ հարց է, որի շուրջ Թուրքիան, Իրաքը, Իրանը և Սիրիան համերաշխում են՝ միմյանց հետ ունենալով լարված հարաբերություններ: Քրդական հարցում նրանք ունեին ներքին համաձայնություն, ըստ որի՝ մինչև սիրիական պատերազմը, երբ մի երկրից քրդերն ապստամբում էին և անցնում այլ երկրի տարածք, այդ երկրին թույլ էին տալիս մտնել իրենց տարածք և քրդերին պատժել: Հիմա վիճակն ավելի բարդ է, բայց, իհարկե, քրդերի ախորժակն էլ գնալով մեծանում է, մասնավորապես՝ Արևմտյան Հայաստանի նկատմամբ: Մենք գիտական բանավեճի մեջ ենք եղել նրանց հետ, թե հանկարծ չմոռանաք, որ խոսքն Արևմտյան Հայաստանի մասին է, ոչ թե Քուրդիստանի, որն իրականում Կորդված լեռներից հարավ է գտնվում, կամ լավագույն դեպքում՝ Սիրիայի հյուսիսային հատվածում, որը հայկական լեռնաշխարհի հետ որևէ կապ չունի:
–Արդյո՞ք հայերի պատմական իրավունքն Արևմտյան Հայաստանի տարածքում ընդունելի է քրդերի կողմից: Ինքս զրույցներ ունեցել եմ քրդերի հետ և լավագույն դեպքում իրենք ասում են՝ պետք է աշխատել միասին նորմալ ապրել:
-Իրենք շատ լավ գիտեն, երբ նրանց գիտական հողի վրա նեղում ես, այո, ասում են՝ երկիրն այնքան ընդարձակ է, որ երկուսիս էլ կբավարարի՝ առանց հստակության, թե խոսքն ինչի մասին է, որ հատվածն իրենց պիտի անցնի, որը՝ մեզ: Սա, իհարկե, խաղ է. քանի դեռ քրդերը գտնվում են բավական ծանր վիճակում, չունեն պետականություն, եթե հաշվի չառնենք Հյուսիսային Իրաքի պետությունը, որն իրականում պետության ուրվագիծ է, մեզ հետ սիրալիր հարաբերությունների մեջ են, բայց Աստված մի արասցե երբ պետականություն ստեղծեն, անմիջապես մոռանալու են: Չմոռանանք, որ այդ նույն քրդերը Սևրի դաշնագրի նախօրյակին պատվիրակություն են ուղարկել Փարիզ և մեր Հայաստանի տարածքում Քրդստան ստեղծելու ծրագիր էին առաջարկում:
–Տեղափոխվենք Ռուսաստան-Հայաստան և Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հարթություն. ո՞րն է երկու դեպքում էլ թույլատրելի սահմանը:
-Մենք պիտի որդեգրենք հայամետների ուղղություն, և կլինի մեր ռազմավարական դաշնակիցը, կլինի մեր գործընկեր ՆԱՏՕ-ի երկիրը, բոլորին պետք է հստակ հետևյալ մոտեցումը ներկայացնենք՝ ազգային շահը վեր է ամեն ինչից: Այսինքն՝ մենք լինելով փոքր ժողովուրդ, չենք կարող մեր ազգային շահը զոհել այս կամ այն պետության պետական շահին:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Արևմուտքի հետ փոխհարաբերություններին, ապա այս առումով Հայաստանը ճիշտ դիրքորոշում է բռնել՝ հաշվի առնելով, որ մենք Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն ենք զենքի, զինամթերքի, ռազմական դպրոցի, տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի դերի առումով: Եվ, բնականաբար, այլընտրանք չունեինք, քան ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցությունը, որն իր պտուղները տվել է:
Միշտ ասում եմ, որ ապրիլյան դեպքերի ժամանակ «Սմերչի» օգտագործումն Ադրբեջանի կողմից չպետք է պատճառ դառնա, որ մոռանանք, թե Ռուսաստանը իրապես մեր ռազմավարական դաշնակիցն է, քանի որ «Իսկանդերը» և էլի որոշները ռազմավարական զենքեր են, որոնք Ռուսաստանից ենք ստացել: Այլ հարց է, որ մարտավարական հարցերում ռուսական պետությունը խաղում է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ վերջինին մատակարարելով այնպիսի զինատեսակներ, որը ժամանակ առ ժամանակ Ադրբեջանին թույլ է տալիս իրեն ծանրակշիռ ցույց տալ: Այնպես որ դատավորի այս կեցվածքը չպետք է Հայաստանը մոռացության տա:
Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա ՆԱՏՕ-ի հետ լավ հարաբերություններ ունենք, Գերմանիայի, Լեհաստանի հետ, խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում աշխարհի տարբեր մասերում, որը ճիշտ քաղաքականություն է: Կարծում եմ, որ այս ուղղությունը պետք է խորացնել: Իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում պիտի անընդհատ ավելացնել մեր ազգային շահն առաջին պլան բերելու հանգամանքը՝ դարձնելով այդ խնդիրը Ռուսաստանի համար օրակարգային, որպեսզի Ռուսաստանը հասկանա՝ քայլեր կան, որն ինքը պետք է անի, ինչը շահեկան է հենց իր համար։
–Վերջում. Սփյուռքի նախարարությունը ՀՀ սփյուռքի և հայրենադարձության նախարարության վերանվանելու ՀՀԿ-ի առաջարկը որքանո՞վ էր տեղին՝ հաշվի առնելով արտագաղթի աճը և ներգաղթի հստակ ծրագրի ու դրա համար նպաստավոր պայմանների բացակայությունը:
-Խնդիրը ճիշտ էր, բայց արդյո՞ք դա տեղի կունենար: Կարծում եմ՝ քանի որ համոզված էին, որ երկրորդ մասը չի լինելու, որի համար ոչ բարոյական, ոչ սոցիալական, ոչ տնտեսական և ոչ էլ քաղաքական շարժառիթ կա: 1946-ին էր, որ հախուռն հայրենադարձություն կար, իսկ հիմա եթե միայն անունն էր լինելու, կդառնար ծաղրի առարկա: Այստեղ ուզում եմ մի ցավալի փաստի մասին խոսել. սիրիահայերի մի մասը ՀՀ անձնագիր ստանալուց հետո ստացավ շենգենյան վիզա, քանի որ Սիրիայի անձնագրով չէին տալիս, բայց երբ հայտնվեցին Եվրոպայում հայկական անձնագիրը պատրեցին կամ վառեցին: Ես լուրջ փաստեր ունեմ, սրա մասին խոսել եմ Հայաստան-Սփյուռք համաժողովին: Թող մեր հայրենակիցները չնեղանան, բայց անձնագիր պիտի տան նրանց, որոնք այս հողի վրա ապրելու են: Ինչ է հայկական անձնագիրը միայն միջոց է մուտք ունենալու Արևմո՞ւտք, որ հետո աղբամանը նետեն, փոխարենը ցույց տան սիրիականը, թե իբր Թուրքիայից և Հունաստանից նավով են հասել, որ փախստականի կարգավիճակ ստանան: Սա շատ ցավալի երևույթ է, և եթե չխոսենք, դա կշարունակվի: Անձնագիր պիտի ստանան նրանք, որոնք իրոք արժանի են:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում