Կառավարության անդամները ներկայացրին Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին

Կառավարության անդամները ներկայացրին Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Կապանում ներկայացրին Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին, տեղեկացնում է panorama.am-ը.

Կապանում սյունեցիները նորանշանակ մարզպետին, ինչպես նաև կառավարության բարձրաստիճան անդամներին դիմավորեցին ազգային երգ-երաժշտությամբ և աղուհացով:

Ներկաներին ողջունելով՝ Դավիթ Հարությունյանն ընդգծեց Սյունիքի մարզի ռազմավարական ու աշխարհաքաղաքական առանձնահատկությունը ՀՀ մյուս մարզերի շարքում՝ հավելելով, որ իրենց այցը խորհրդանշում է կառավարության նոր գործելաոճը.
«Սա սոսկ այց չէ, որով ներկայացնում ենք նոր մարզպետին, սա կառավարության նոր մոտեցումն է, որն ազդարարեց նոր վարչապետը: Այն է՝ կառավարման նոր եղանակներ՝ նոր արդյունքների ակնկալիքով: Պատահական չէ, որ առաջին փոփոխությունը տեղի ունեցավ հենց այս մարզում, որովհետև Սյունիքն իսկապես առանձնահատուկ մարզ է: Այսօր ես, ներկայացնելով նոր մարզպետ Վահե Հակոբյանին, ցանկանում եմ բոլորիդ մաղթել համատեղ աշխատանք, որի ընթացքում դուք ցույց եք տալու, թե ինչ է նշանակում մարզ և ինչ է նշանակում նոր մոտեցում: Վարչապետի ակնկալիքը նոր մարզպետից ու նաև ձեզնից հենց դա է: Մարզը թերևս առաջինն է, որ պետք է մշակի կառավարման ու զարգացման նոր մոտեցում:

Սա այն խնդիրն է, որ վարչապետը դրել է նոր մարզպետի առջև:

Կարծում եմ՝ բոլորդ արդեն նկատել եք, որ նորանշանակ վարչապետի հիմնական թեզը դա նոր մոտեցումներն են և արդյունքի վրա ուղղված աշխատանքը: Խնդիրները, որոնք դրված են, սակայն չունեն շոշափելի գնահատական, ուղղակի չեն ընդունվում: Արդյունքը գնահատվում է ոչ թե ածականներով, այլ կոնկրետ քայլերով ու ցուցանիշներով: Այն, ինչ ակնկալվում է այսօր Սյունիքից, թերևս Հայաստանի մարզպետարանների առջև դրված նոր խնդիրների իրագործման առաջամարտիկը լինելն է: Սյունիքը պետք է դառնա Հայաստանի մարզերի ավանգարդը, և դրանով է հենց պայմանավորված, որ փոփոխությունը տեղի է ունենում Սյունիքում»,- իր խոսքում նշեց Դավիթ Հարությունյանը:
Իր հերթին տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, շնորհավորելով Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ, անդրադարձավ տարածքային կառավարման քաղաքականության մեջ կառավարության որդեգրած նոր մոտեցումներին և խոսեց Վահե Հակոբյանից կառավարության ունեցած սպասելիքների մասին:

«Իրավամբ պարոն Հակոբյանի նշանակումն իր հետ բերել է մեծ բեռ, քանի որ մենք մտել ենք մի փուլ, որի ընթացքում հիմնովին փոխելու ենք մեր գործեունեության ուղղությունները՝ ամեն ինչ դարձնելով չափելի: Եթե մենք ասում ենք, որ Սյունիքի մարզում այս կամ այն խնդիրը պետք է լուծել, ապա դրա արդյունքը պետք է չափելի լինի թե´ կառավարության համար և թե´ բնակչության համար: Ես շատ կուզենայի, որ նորանշանակ մարզպետը, որը բավականին լավ տիրապետում է իրադրությանը, երկար ժամանակ արդյունավետ կերպով աշխատել է այս մարզում, կարողանա մոբիլիզացնել մարզի բոլոր ռեսուրսները»:

Դավիթ Լոքյանը խոսեց նաև համայնքային խոշորացման ծրագրի մասին և անդրադառնալով համայնքային բյուջեների տնօրինման արդյունավետության բարձրացման խնդրին, նշեց.

«Դուք տեղյակ եք, որ երկրում սկսվել է վարչատարածքային բարեփոխումների մեծ շրջան, խոշորացում, որի առաջին օրինակները մենք, փաստորեն, ունեցել ենք հենց Սյունիքի մարզում: Այս առումով պետք է ամեն ինչ արվի, որպեսզի խոշորացող համայնքներում տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացումն առաջիկայում ցայտուն ու տեսանելի լինի: Խնդիրները շատ են և դրանց լուծման նպատակով հստակ ծրագիր ստեղծելու համար վարչապետը բավականին սեղմ ժամկետ է մեզ հատկացրել: Փետրվար ամսին մենք պետք է ավարտած լինենք Սյունիքի մարզի տարածքային զարգացման ռազմավարությունը, որին անպայման պետք է հաջորդի տարածքի գործառնական ծրագիրը:

Երկամսյա ժամկետում նոր մոտեցումներով ու սկզբունքներով պետք է ավարտենք Սյունիքի մարզի բոլոր համայնքների զարգացման հնգամյա ծրագրերը: Մեզ համար կարևորվում է նաև նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նոր մարզպետի ղեկավարությամբ համայնքային բյուջեների մանրակրկիտ ուսումնասիրությունը: Երկրի առանց այն էլ սուղ բյուջեից մենք 50 մլրդ. դրամի չափ գումար ենք ուղղում համայնքներին և հիմնվելով տեղական իշխանության նկատմամբ վստահության վրա՝ չենք խորանում համայնքային բյուջեների կազմման, դասակարգման, իրացման և այլ խնդիրների մեջ: Նոր մարզպետի առաջին կարևոր խնդիրներից մեկն է դառնալու համայնքային բյուջեների հստակեցումը, դրանց ծախսատարության կրճատումը: Ես կարծում եմ, որ նոր մարզպետը ձեր ունեցած աշխատանքային փորձի շարունակականության սկզբունքը պահելով՝ կարողանալու է հրաշալի արդյունաներ ապահովել այս տարածքում»,-իր հերթին նշեց տարածքային կառավարման և զարգացման նախարարը:

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանն, ամփոփելով կառավարության ներկայացուցիչների՝ Սյունիքի զարգացման տեսլականին ուղղված խոսքը, շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին, վարչապետին և կառավարության ներկայացուցիչներին իրեն ցուցաբերված վստահության համար:
«Ես շատ լավ գիտակցում եմ, որ այս անցումային ու բարդ փուլում մարզի կառավարումն ինձ վստահելը խիստ պարտավորեցնող է: Ես ինձ պարտավորված եմ զգում: Մեր ամենակարևոր ռեսուրսը դա մարդն է, ուստի պետք է միասնական ջանքերով ապահովենք առաջընթաց: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք հարկ եղած ժամանակ կարող ենք համախմբվել: Այսօր էլ մենք պետք է համախմբվենք ճիշտ այնպես, ինչպես մեր առջև ծառացող մարտահրավերների ժամանակ ենք դա անում: Մենք ունենալու ենք նոր մոտեցումներ աշխատանքի մեջ, և հուսով եմ, որ արդեն 2017թ-ին կկարողանանք շոշափելի արդյունքներ ներկայացնել կառավարությանը և երկրի նախագահին: Անչափ շնորհակալ եմ բոլորիդ»,-եզրափակեց իր խոսքը Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում