Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը հալեպահայերին օգնելու քայլեր է ձեռնարկում
![Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը հալեպահայերին օգնելու քայլեր է ձեռնարկում](https://times.am/v3/wp-content/uploads/2016/10/271b0b8bf1541ac33c6b83801439d44a.jpg)
Նմանատիպ
Հալեպահայերի օգնության հարցը ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի օրակարգի առանցքում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը սիրիահայերին աջակցելու հարցի առնչությամբ քննարկումներ է կազմակերպում տարբեր ուղղություններով: Կապի մեջ ենք Եվրամիության որոշ վարչությունների հետ: Քննարկումներ ենք անցկացնում Բելգիայի խորհրդարանի պատգամավորների հետ»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
Պետո Դեմիրճյանը նշեց, որ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը նման փորձ ունի: Նախկինում, օրինակ, Բելգիայի ԱԳՆ-ի միջոցով են օգնություն հասցրել Սիրիայի եւ Իրաքի հայությանը: Դրանից բացի, պատվիրակություններ են ուղարկվել այդ երկրներ` տեղում իրավիճակին ծանոթանալու:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատուն տեղեկացրեց, որ քննարկվում է առաջիկայում ևս Լիբանան և Սիրիա պատվիրակություն ուղարկելու հարցը: Նախատեսվում է, որ պատվիրակության մեջ կընդգրկվեն ներկայացուցիչներ հանձնախմբից և պատգամավորներ Բելգիայի խորհրդարանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում