Մեկնարկեց «Երևանյան ճարտարապետական բիենալե-2016»-ը

Մեկնարկեց «Երևանյան ճարտարապետական բիենալե-2016»-ը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 12-ին կայացավ «Երևանյան ճարտարապետական բիենալե-2016թ.» համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Ալ. Թամանյ անի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, Ճարտարապետ, հանձնախմբի նախագահ Արմեն Ղուլարյանը և այլք։

Անուշ Տեր-Մինասյանն իր խոսքում ասաց. «Ասօրվա մեր ցուցահանդեսի համար կա մի շատ կարևոր ասպեկտ, այն է՝ մրցույթին մասնակցում են հայ ճարտարապետներ տարբեր երկրներից։ Նրանց բոլորի մեջքին կանգնած են դարերն ու հազարամյակները և այն կարևորագույն ավանդական սկզբունքները, որ ունեցել է հայկական ճարտարապետությունը։ Այս ամենը շատ կարևոր է, քանի որ սա բերում է ազգային մտածողության և դա կարող է օգուտ տալ ցանկացած հողի, ցանկացած երկրի վրա ստեղծագործող ճարտարապետին՝ հարստացնելով տվյալ երկրի ճարտարապետությունը»։

Արմեն Ղուլարյանը նշեց, որ շատ ուրախալի է, որ բազմաթիվ աշխատանքներ կան, տարբեր երկրներից մասնագետներ։ Նրա համոզմամբ այսպիսի հետաքրքրությունը կբերի շատ մեծ որակ։ «Ցանկանում եմ, որ հետայսու կարողանանք ավելի մեծացնել տարբեր երկրներից իրենց աշխատանքները առաջադրող մասնակիցների թիվը։ Նշեմ, որ լինելու են 7 անվանակարգ՝ լավագույն հասարակական շենք, լավագույն բնակելի շենք, լավագույն ինտերիեր, երիտասարդ մասնակից և այլն»։ Մրցույթ-ցուցահանդեսին իրենց աշխատանքներն են ներկայացրել հայ ճարտարապետները, ճարտարապետական արվեստանոցները և ճարտարապետական ԲՈւՀ-երի ուսանողները՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իտալիայից, Լիբանանից, Կատարից և Թուրքիայից։ Ներկայացված են բազմաֆունկցիոնալ համալիրների, բազմաբնակարան բնակելի շենքերի, հուշարձանների, կամուրջների, հիանալի առանձնատների նախագծեր։ Այս տարի նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 95-ամյակն է։ Այս կապակցությամբ Անուշ Տեր-Մինասյանն իր խոսքը ուղղեց իրենց հարազատ համալսարանին. «Այդ համալսարանը, այսպես ասած, մեր բոլորի Ալմա մատերն է։ Մենք բոլորս այնտեղ ենք սովորել, մեր ճարտարապետնե րի բազում սերունդներ՝ սկսած ամենամեծ ճարտարապետներից, մինչև ամենաերիտասարդները։ Շատ կարևոր է, որպեսզի ժառանգականությունը փոխանցվի։ Իհարկե, դեռ շատ անելիքներ կան, ժամանակակից կրթությունը բոլորովին այլ է, այլ պահանջներ ունի։ Ես կարող եմ հաջողություններ մաղթել համալսարանի ղեկավարությանը, ուսանողներին։ Հուսով եմ, որ կկարողանանք այս առումով միջազգային մակարդակ ձեռք բերել, քանի որ դրա նախադրյալներն արդեն կան»։

Համալսարանի 95-ամյակի մասին խոսեց նաև Մկրտիչ Մինասյանը, ով նույնպես այն կարծիքին է, որ ճարտարապետության համալսարանը բոլորի երկրորդ տունն է։ «Մենք ունեցել ենք բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր կառուցել են մեր հանրապետությունը և հիմա էլ կառուցում են։ Շատ խոր գիտելիքներ է տալիս մեր համալսարանը, և շրջանավարտներից ոչ ոք չի մոռանում այն։ 95-ամյակին արդեն բաց կլինի այն ամենը, ինչը մեր երազանքն էր, ինչը միշտ ցանկացել ենք ունենալ։ Օրինակ՝ քիմիական, ֆիզիկական լաբորատորիաներ, հիդրոտեխնիկների համար և, վերջապես, ճարտարապե տների համար արվեստանոցներ, որտեղ նրանք կկարողանան պատրաստել մանրակերտներ։ Այսինքն՝ մի տեղ, որտեղից ուսանողը չի ցանկանա դուրս գալ, անգամ եթե ծույլիկ լինի, նրան անպայման կմղի մնալ այնտեղ և աշխատել»,-ասաց Մինասյանը։

Նշենք, որ մրցույթ-ցուցահանդեսին մասնակցում են 75 հեղինակ։ Ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում