Թաիլանդի խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստն առանց ժառանգորդին գահը զբաղեցնել հրավիրելու

Թաիլանդի խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստն առանց ժառանգորդին գահը զբաղեցնել հրավիրելու

Թաիլանդի ազգային օրենսդիր ժողովը երկրի թագավորի մահվան կապակցությամբ հրավիրված արտահերթ նիստն ավարտել է՝ ժառանգորդ արքայազնին այդպես էլ չհրավիրելով զբաղեցնել գահը, ինչպես պահանջում է երկրի օրենսդրությունը:

Ինչպես հաղորդւմ է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, պատգամավորների հանդիպումն ավարտվել է թագավորի մահվան հիշատակի 9 րոպե լռությունից հետո: Արտահերթ նիստը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Թաիլանդի բոլոր հեռուստաալիքներով:

Ավելի ուշ երկրի վարչապետ Պրայուտ Չան-Օչան լրագրողներին հայտնել է, որ թաիլանդական գահի ժառանգորդ, արքայազն Վաչիրալոնգկորնը ինքն է խնդրել չշտապել գահն իրեն հանձնելու հարցում, որպեսզի հնարավորություն ունենա ողջ ազգի հետ սգալ թագավորի մահը: «Մեզ հնարավորություն տվեք դրա համար ճիշտ ժամանակ ընտրել»,- ասել է վարչապետը:

Թաիլանդում հոկտեմբերի 14-ից մեկամյա սուգ է հայտարարվել, բոլոր զվարճալի միջոցառումները մեկ ամսով հետաձգվել են, իսկ այդ ընթացքում խոնարհված կլինեն բոլոր պետական դրոշները:

Կյանքի 89-րդ տարում մահացել է Թաիլանդի Փհումիպոմ Ադուլյադեթ թագավորը: Վերջին տարիներին թագավորն առողջության հետ կապված խնդիրների պատճառով հազվադեպ էր հայտնվում հանրության առջեւ: 2014 թվականի աշնանը նրան լեղապարկի հեռացման վիրահատություն էին կատարել, իսկ այս տարվա ամռանը վիրահատել էին սիրտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում