Հայաստանն իսկապես կարող է դառնալ տարածաշրջանի կենտրոնը. Ռալֆ Սայմոն

Հայաստանն իսկապես կարող է դառնալ տարածաշրջանի կենտրոնը. Ռալֆ Սայմոն

Հայաստանն իսկապես կարող է դառնալ տարածաշրջանի կենտրոնը, որովհետև ունի պայծառ միտք, նախաձեռնողականություն: Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Mobilium Global ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Ռալֆ Սայմոնը, տեղեկացնում է tert.am-ը:

Նա նշեց, որ Հայաստանում կան մարդկային բոլոր նախապայմանները, լավ կադրերը, ովքեր կարող են Հայաստանից կերտել եվրասիական տարածաշրջանի կենտրոն: Ըստ Սայմոնի՝ դրա համար հարկավոր է տեխնոլոգիաների դարաշրջանում փոքր-ինչ ակտիվություն ցուցաբերել:

Ռալֆ Սայմոնը ներկայացրեց մի քանի նորամուծություն, որոնք, ըստ նրա, հեշտացնում են մարդկության կյանքը, և շատ ֆինանսական ռեսուրսներ չեն պահանջում:

«Օրինակ` նայեք հեռախոսի մարտկոցի այս տեսակը: Այն լիցքավորվում է բույսի էներգիայով: Մի ծայրը միացվում է հեռախոսին, մյուսը՝ բույսի ծաղկամանին, որտեղ համապատասխան սարք է տեղադրված: Ո՞վ ասաց, որ հայերը չեն կարող նման բան սարքել: Հայերը քարից էլ են հաց քամում: Կամ նայեք ծրագրային այս հավելվածին, որն ավտոմատ միացվում է, երբ երեխան հեռուստացույցին մոտիկ է նստում՝ նրան հիշեցնելով, որ պետք է հետ գնա հեռուստացույցից, հակառակ դեպքում այն այդպես էլ չի միանա»,- նշեց Ռալֆ Սայմոնը:

Վերջինս իր ելույթում բոլոր օրինակները հարմարեցնում էր հայկական իրականությանը, կիրառում հայերեն բառեր, ամբողջ ելույթի ժամանակ փորձում էր արտասանել «չքնաղ» բառը:

«Աշխարհում կոշիկներ են ստեղծվել, որոնք շուտով Հայաստան էլ կգան: Դրանք խելացի կոշիկներ են, որոնց ներբաններում կան սարքեր՝ մարդկանց ճանապարհը ցույց տվող: Աշխատում ենք դրանք GPS համակարգով, հիմնականում հաշմանդամների համար են»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում