Ժողովրդագրական խնդիրներն ու առաջարկվող լուծումները

Ժողովրդագրական խնդիրներն ու առաջարկվող լուծումները

Գաղտնիք չէ, որ Հայաստանում գոյացած ժողովրդագրական հիմնախնդիրներն ու ընդհանուր միտումները, ինչպես, օրինակ, ծննդի, մահացության, բնակչության բնական աճի ոլորտներում խնդիրները գնալով խորանում են ու լուրջ մտահոգման տեղիք են տալիս:

Փաստ է, որ 1992թ. մինչև օրս Հայաստանում բնակչության ընդհանուր և ծննդի մակարդակի վրա մեծ հետք են թողել բնակչության տարիքային կազմում տեղի ունեցող տեղաշարժերը: Դա բնակչության «ծերության» հանգեցնող և սոցիալ-տնտեսական նոր պայմանների հետևանք է: Վերջին տարիներին բնակչության արտագաղթի հետևանքով նվազեց ոչ միայն ընդհանուր բնակչությունը, այլև փոխվեցին նրա սեռատարիքային կազմը, ծննդի ու մահվան ընդհանուր չափերը, բնակչությունը ծերացավ:

Նշված խնդիրները ուղղակիորեն առնչվում են երկրի ապագա բարեկեցության ու անվտանգության հետ:

Այդ իսկ պատճառով կարևոր է դրանց հաղթահարման հայեցակարգային մոտեցումը, արդյունավետ ու նպատակային միջոցների ճիշտ ընտրությունը:

Կառավարության նիստին քննարկվեց պատգամավորներ՝ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի կողմից ներկայացված «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացությունը:

Պատգամավորները առաջարկում են նորաստեղծ ընտանիքներին տրամադրել միանվագ դրամական օգնության, որի նվազագույն չափը չի կարող պակաս լինել, քան 300.000 դրամից:

Օրենսդրական նախաձեռնությանը կառավարությունը տվեց բացասական եզրակացություն, հիմնավորելով նախագծում տեղ գտած մի շարք թերություններով, կարգավորման մեխանիզմների, ինչպես նաև բյուջեով համապատասխան հատկացումների բացակայության հանգամանքով:

Թեպետ նախագծով առաջարկվող կարգավորումը ուղղված է ընտանիքի ինստիտուտի օժանդակման, ինչ՞ու ոչ՝ նաև խրախուսման, այդպիսով ծնելիության ցուցանիշի բարձրացմանը, այնուամենայնիվ պետք է ընդունենք, որ ընտանիքի և երեխայի պաշտպանության հարցում միանվագ դրամական աջակցման մեխանիզմը արդյունավետ չէ: Անհրաժեշտ են ընտանիքի, մայրության, մանկության պաշտպանության առավել կայուն, հետևաբար՝ ավելի արդյունավետ միջոցների կիրառում: Միանվագ օգնությունը տեղին ու ցանկալի է, բայց չ՞է որ այս հարցում անհրաժեշտ է համակարգված աջակցություն, որը կարող է լինել, ոչ թե միանվագ ֆինանսական աջակցության, այլ որոշ արտոնությունների սահմանման ձևով:

Քաղաքակիրթ աշխարհում ընդունված է նորաստեղծ բիզնեսին հարկերի ազատման, կամ որոշ արտոնությունների սահմանման պրակտիկան: Ինչ՞ու նման մոտեցում չկիրառել ընտանիքի, ծնված երեխայի պարագայում: Օրինակ՝ ծնողի աշխատավարձից պահվող եկամտային հարկից ամեն երեխայի համար սահմանել որոշակի տոկոսի չափով նվազեցում: Այդ տոկոսը, կամ գործակցի չափը, իհարկե, մասնագիտական հաշվարկի կարիք ունի: Արդյունքում, երիտասարդը ծնող դառնալով և իր ընտանեկան բյուջեում ծախսերի մասը ավելացնելով, նաև կունենա այն «նվազեցնելու» հնարավորություն: Իհարկե այդ գումարը ավելիշատ սիմվոլիկ բնույթ կկրի, բայց այնուամենայնիվ այդ խնայումը կլինի սիստեմատիկ և ընտանեկան բյուջեի համար կանխատեսելի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում