Փոքր բիզնեսը ազատվեց սպասվող գլխացավանքից

Փոքր բիզնեսը ազատվեց սպասվող գլխացավանքից

Կառավարությունը վերջին նիստի ընթացքում փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշման մեջ, որը վերաբերում է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառմանը: Կատարված փոփոխության համաձայն՝ չեղյալ ճանաչվեց ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների ամբողջական ցանկը տպելու պահանջը:

Խոսքը վերաբերում է տարվա արդյունքներով 10 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ ծավալով հասույթ ունեցող տնտեսվարողներին։

Նշենք, որ վերոնշյալ պահանջ սահմանող դրույթը ուժի մեջ կմտներ 2017 թվականի հունվարի 1-ից: Իսկ ՀԴՄ-ի նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար դրամարկղային կտրոնի վրա ոչ միայն ապրանքի արժեքի, այլ նաև անվանումը, քանակը նշելու պարտադիր պայմանը արդեն ուժի մեջ է սույն թվականի մայիսի 1-ից: Սա ժամանակին մեծ դժգոհության էր առաջացրել գործարարների շրջանում։

Կառավարության վերջին նիստին ընդունած որոշմամբ չեղարկվեց 10 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ ծավալով հասույթ ունեցող տնտեսվարողներին ՀԴՄ կտրոնների վրա համապատասխան նշում կատարելու սահմանված պահանջը, որի կատարման համար անհրաժեշտ է նախևառաջ նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերել, ինչն ՓՄՁ-ի համար լրացուցիչ ֆինանսական բեռ է:

Պետք է նշենք, որ որոշումը չի անդրադառնում 58.35 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար սահմանված պահանջին: Այս խմբի տնտեսվարողներին փոփոխությունը չի վերաբերում:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ և 75-րդ հոդվածների համաձայն` եթե ընդունված իրավական ակտը կամ դրա մասը դեռևս չի կիրառվել և աննպատակահարմար է կիրառել, կամ դրանով նախատեսված հարաբերություններն այդ իրավական ակտով կամ դրանով նախատեսված կարգով հնարավոր չէ կարգավորել, կամ դրանով նախատեսված պահանջները հնարավոր չէ իրականացնել, ապա իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը դադարեցվում է չեղյալ ճանաչելու միջոցով:

Ըստ էության որոշումը վերաբերում է փոքր բիզնեսին, որի համար ցանկացած պահանջ, որը հանգեցնում է լրացուցիչ ֆինանսական և վարչարարական բեռի ավելացմանը կապված է զգալի բարդությունների հետ: Իսկ եթե գնահատում ենք, ակնկալվող արդյունքները, ապա պարզ է դառնում, որ լավագույն արդյունքը կլինի, հնարավորինս չմիջամտելով փոքր բիզնեսին, թույլ տալ, որպեսզի այն գոյատևի, մի գուցե՝ զարգանա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում