Կարո Փայլանը հայտարարել է Էրդողանին դատի տալու մտադրության մասին
Նմանատիպ
Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այսօր պատրաստվում է դատի տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Փայլանն այս մասին հայտարարել է twitter-ի իր պաշտոնական էջում:
Հայազգի պատգամավորին զայրացրել են Էրդողանի` տրապիզոնյան հանրահավաքի ընթացքում արած մի շարք ռասիստական հայտարարությունները:
Հիշեցնենք, որ Տրապիզոնում իր ելույթի ժամանակ Էրդողանը հեգնել էր կանանց:
«Հիշեք, թե ձեզ ինչ էի ասում: Մի օր չե՞նք մեռնելու: Բայց տղամարդու պես մեռնել կա, մեկ էլ մադամի պես մեռնել կա», – ասել էր Էրդողանը տրապիզոնցիներին:
Այստեղ Կարո Փայլանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Էրդողանն օգտագործում է հենց «մադամ» բառը, այսինքն՝ մատնանշում է ոչ թե մահմեդական, այլ հենց եվրոպացի կամ քրիստոնյա կանանց:
Ավելին` Փայլանը, իր էջում կիսվելով Էրդողանի ելույթի տեսանյութով, նշել է, որ ուշադիր հետևելու դեպքում նատելի է, թե ինչպես է Էրդողանը գոհ ժպտում, երբ տրապիզոնցիները վանկարկում են «Հայի վիժվածքները մեզ չեն կարող վհատեցնել»:
«Ժողովուրդը հայհոյում է հային: Բնավ չի միջամտում: Վաղը մեղադրանք եմ ներկայացնելու», – գրել է Փայլանը twitter-ի իր էջում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում