Անհայտ տղամարդը ռումբ է պայթեցրել Աբխազական հեռուստատեսության տարածքում

Անհայտ տղամարդը ռումբ է պայթեցրել Աբխազական հեռուստատեսության տարածքում

Անհայտ մի տղամարդ ռումբ է պայթեցրել Աբխազական հեռուստատեսության տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են հանրապետության ՆԳ նախարարությունում:

«Հեռուստատեսության տարածքում ինչ-որ մեկը պայթյուն է իրականացրել, պարզ երեւում է, որ նա խոցող բաղադրատարրերով ռումբ է ունեցել: Հավանաբար նա մենակ չի եղել: Օպերատիվ աշխատանք է կատարվում Աբխազիայի բոլոր ուժային կառույցների մասնակցությամբ»,– լրագրողներին ասել է Աբխազիայի ներքին գործերի նախարար Ասլան Կոբախիան:

Պայթյունը որոտացել Է Երեւանի ժամանակով ժամը 08:05-ին:

Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամադ Կիլբայի խոսքով՝ «նախնական տեղեկատվության համաձայն՝ պայթուցիկ սարքը համարժեք է 150-200 գրամ տրոտիլի՝ խոցող բաղադրատարրերով»:

Ինչպես հայտնել է Աբխազական հեռուստատեսության փոխտնօրեն Աիդա Բազբան, «հեռուստատեսության աշխատակիցներից եւ պահապաններից ոչ ոք չի տուժել: Ներկայում ուժեղացված է օբյեկտի պահպանությունը, պատահարի վայրում գտնվում են ուժայինները»:

Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցված:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հանձնարարել է ուժեղացնել օբյեկտների, այդ թվում՝ դպրոցների ու մանկապարտեզների պահպանությունը: Նա մատնանշել է պայթյունն իրականացրած տղամարդու ինքնությունը շուտափույթ պարզելու անհրաժեշտությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում