Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին
![Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին](https://times.am/v3/wp-content/uploads/2016/10/5e2f165bdb68af66f88a300c8566cb60.jpg)
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի17-րդ նիստին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությունը, այդ համատեքստում նաև՝ ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի ձևաչափով Երևանում անցկացվող հերթական հանդիպումը:
Ընդգծելով, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս անվտանգության ապահովման և կազմակերպված հանցավորության տարբեր դրսևորումներին հակազդեցության հարցերին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է այդ ուղղությամբ ջանքերի համատեղումը, մասնագիտական պարբերական հանդիպումները: Աշխարհում օրեցօր մեծացող ահաբեկչության վտանգը, զենքի մաքսանենգությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և հանցավորության այլ դրսևորումներ, ըստ Նախագահ Սարգսյանի, անվտանգությանն ուղղված լրջագույն մարտահրավերներ են, որոնց հակազդեցության նպատակով անհրաժեշտ է շարունակական փոխգործակցություն:
ՌԴ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կոլեգիայի հերթական նիստը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար և նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ռազմավարական դաշնակից երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները պարտավորեցնում են մասնագիտական ոլորտում խորացնել համագործակցությունը՝ աշխատելով փոխվստահության և անկեղծ մթնոլորտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում