Պատգամավորը հավակնոտ է համարում կառավարության ծրագիրը

Պատգամավորը հավակնոտ է համարում կառավարության ծրագիրը

Կառավարության ծրագիրը հավակնոտ է, քանի որ բարեփոխումներ են նախատեսված բոլոր ոլորտներում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ով հոկտեմբերի 17-ին մասնակցել է ՀՀԿ խորհրդի նիստին, որի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության ծրագրի նախնական տարբերակը: «Այս 6 ամսվա համար ծրագիրը բավականին հավակնոտ էր և բավականին պարտադրող է կառավարության համար, որովհետև հստակություններ կային, թե ինչ պետք է անեն և ինչպես պետք է անեն»,- նշեց Սահակյանը:

Հարցին, թե խոսվում է պետական ապարատը 20 տոկոսով կրճատելու մասին, արդյո՞ք ՀՀԿ խորհրդի նիստում վարչապետն անդրադարձել է կրճատումներին, Սահակյանը պատասխանեց, թե կան բազմաթիվ ԾԻԳ-եր և ՊՈԱԿ-ներ, որոնք տարիներ շարունակ գործել են, և որևէ արդյունք չենք արձանագրել: Նրա խոսքով՝ առաջիկայում այս խնդրին պետք է տրվի լուծում: «Եթե կան նույն գործառույթն իրականացնող ՊՈԱԿ-ներ, դրանք պետք է միավորվեն: Խոսվում է գնումների գործընթացի հստակեցման մասին: Խոսվում է որոշումներ կայացնելու ապակենտրոնացումից, որովհետև եթե մեկ բջջային հեռախոսի հարցի որ ոշումը պետք է ամբողջ կառավարությունը կայացնի, ապա կառավարությունը կարծում է, որ այդ հարցը կարող է լուծել տվյալ գերատեսչությունը: Ուզում եմ շեշտել, որ այս փոփոխությունները բխում են նախագահ Սերժ Սարգսյանի վերջի երկու ծրագրային ելույթներից»,- նշեց նա:

Հովհաննես Սահակյանն անդրադարձավ նաև խոսակցություններին, թե ՀՀԿ անդամ, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել: Պատգամավորն ընդգծեց, որ նման խոսակցություններն անհիմն են, քանի որ որևէ հիմնավոր պատճառ չկա, որ ՀՀԿ-ականները նոր կուսակցություն հիմնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում