Արմեն Ռուստամյանը կառավարության ծրագրում հստակ նպատակներ և թիրախներ է տեսնում

Արմեն Ռուստամյանը կառավարության ծրագրում հստակ նպատակներ և թիրախներ է տեսնում

Կառավարության ծրագիրը գրեթե ամբողջությամբ արտացոլում է ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցության հուշագրի բոլոր դրույթները. Ծրագրում կան հստակ նպատակներ և թիրախներ: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ իրենք հանդիպում են ունեցել վարչապետի հետ և ծանոթացել կառավարության ծրագրին: «Մենք այսօր վարչապետի հետ էլ ենք հանդիպել: Մեր հիմնական ակնկալիքներն արդարացել են, որովհետև մենք ասում էինք, որ այս ծրագիրը պետք է լինի կոնկրետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը:

Ըստ Ռուստամյանի՝ կառավարության ծրագիրը պետք է արտացոլեր ՀՅԴ-ՀՀԿ հուշագրի դրույթները: «Գրեթե 90 տոկոսով, եթե ոչ ավելի, հուշագրի բոլոր դրույթներն արտացոլված են կառավարության ծրագրում»,- շեշտեց դաշնակցական պատգամավորը:

Հարցին, թե ի՞նչ մտահոգություններ ունեն կամ ի՞նչ դիտարկումներ են արել հանդիպման ժամանակ, Ռուստամյանն արձագանքեց. «Մեր քննարկման ուղղությունը եղել է այն, որ հուշագրին համապատասխանի կառավարության այս ծրագիրը, ինչպես նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին համապատասխանի, հակաճգնաժամային բնույթի քայլեր իրականացվեն: Իրականությունը հենց այդպիսին է, և այդ գնահատականով էլ վարչապետը ստանձնել է այս պաշտոնը»:

Պատգամավորի խոսքով` կառավարության ծրագիրը կարճաժամկետ չէ: «Ծրագրի ժամկետները տարբեր են՝ կախված տարբեր խնդիրներից: Ծրագիրը չի կաշկանդվել նրանով, որ կառավարությունը մինչև ապրիլ է գործելու: Վարչապետը դրանով չի կաշկանդվել: Չի կարելի միայն վեց ամսվա համար բան գրել և ասել` այսքանն է, ես սրանով պետք է սահմանափակվեմ: Ի վերջո, իրավահաջորդ կլինի, ուստի վարչապետի դիրքորոշումը ճիշտ է»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ կառավարության ծրագրի ձախողումը կլինի ամբողջ երկրի ձախողումը: Ըստ նրա՝ կառավարության այս ծրագիրը շատ բաներով է տարբերվում մյուս ծրագրերից: «Նախ` նրանով, որ արտացոլում է մեր հուշագրի դրույթները, հետո շատ բաներ են կոնկրետացված, կան կոնկրետ նպատակներ և թիրախներ, կոնկրետ ժամկետներ»,- եզրափակեց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում