Ս.Սարգսյան. «Րաֆֆին նոր քաղաքական ավանդույթ է արմատավորում ու ապացուցում է, որ ընդդիմադիր լինել չի նշանակում շուրջ բոլորը ատելություն սերմանել»
Նմանատիպ
«Սա մեր վերջին հանդիպումն է քարոզարշավի շրջանակում և օրինաչափ է, որ եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենում Երևանի կենտրոնում»,- «Մոսկվա» կինոթատրոնում Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, փոխանցում է Panorama.am-ը:
Նրա խոսքով վերջին տարիների ընթացքում ամենից շատ արծարծվող տերմինը հեղափոխությունն էր, սակայն մեր իրականության մեջ կար մեր սեփական հեղափոխությունը, որը հեղափոխություն էր ոչ թե իշխանություն փոխելու համար, այլ ճակատագիր փոխելու, ազատ ապրելու համար.
«Երբ սկսում էր Արցախյան ազատամարտը, ոչ մեկիս մտքով չէր անցնում, թե ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Բոլորս էլ ունեցանք կորուստներ, զրկանքներ: Սակայն, արդյունքը փառահեղ էր. ունենք անկախ Հայաստան և Արցախ: Սակայն հեղափոխության տարիներին ցավալիորեն ի հայտ եկավ մի շատ վտանգավոր մտայնություն’ երբեմնի զինակիցների միջև կտրուկ կերպով սրվում էին հակասությունները: Նրանցից շատերը մի պարզ հարց էին տալիս’ ինչո՞ւ դու ինձ պետք է կառավարես, եթե ես կարող եմ, դու ինձնի՞ց լավն ես: Շատերը չեն դիմանում գայթակղությանը և ընկնում են իշխանություն ունենալու մոլուցքի թակարդը և բնական է, որ այսպիսի տրամադրվածությամբ անընդհատ հեղափոխություն են ակնկալում, այն մտքով, որ եթե մեկ անգամ հեղափոխություն է տեղի ունեցել, ապա այն պետք է շարունակվի: Այսպիսի տրամադրությունը հանգում է հեղափոխական փակ շրջանի, դրանցից ոչ մեկը դեռ լավ բան չի տեսել, քանի որ դա ինքնաոչնչացման ճանապարհ է, որն անընդունելի է մեզ համար»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը ու հիշեցրեց, որ այս ճանապարհը միայն Հայաստանին չէ բնորոշ և շատ երկրներ անցել են դրանով:
Նրա խոսքով, այս չարիքի դեմ քաղաքակիրթ երկրները լուծում են գտել’ Սահմանադրությունը, որը հստակ արգելում է իշխանությունը բռնի ուժով զավթելը և իշխանությունից բռնի ուժով կառչելը.
«Ես շատ ուրախ եմ, որ այս քարոզարշավի ընթացքում հաղթում է մեր Սահմանադրությունը: Եվ ես սրա մասին կարող եմ միայն հպարտությամբ խոսել: Այո, այսօր Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն’ Սահմանադրական հեղափոխություն: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի գեղեցիկ քարոզարշավն է, լի հազարավոր ձեռքսեղմումներով: Ոմանք դրան սարկազմով են վերաբերում, բայց իրականությունն այն է, որ Րաֆֆին մշակույթ է փոխում մեր երկրում, նոր քաղաքական ավանդույթ է արմատավորում ու ապացուցում է, որ ընդդիմադիր լինել չի նշանակում շուրջ բոլորը ատելություն սերմանել: Հիշում ենք’ Հրանտ Բագրատյանը ժողովրդին ղրղզական և թունիսական ճանապարհ էր առաջարկում: Այսօր ուշադրությամբ եմ հետևում նրա հարցազրույցներին և ուրախ եմ, որ իր պես պատգամավոր կա մեր ԱԺ-ում: Բազմաթիվ անգամ ասել եմ, որ եթե նույնիսկ համաձայն չենք ինչ-որ կարծիքի հետ, ապա իրավունք չունենք այն լռեցնել: Պետք է հնարավորություն տանք այն արտահայտելու, վիճենք դրա հետ և եթե կարող ենք հերքել այն»,- անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածուներին թվարկեց Սերժ Սարգսյանը:
Նա շնորհակալություն հայտնեց իր ընդդիմադիրներին, քանի որ նրանց հետ միասին է տեղի ունենում Սահմանադրական հեղափոխությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում