Հ.Քոչարյան. «Ցուցակներում առկա անճշտությունների մասին հաղորդումներն աչքի են ընկնում սուբյեկտիվ մեկնաբանություններով»
Նմանատիպ
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ընտրողների նախնական ցուցակի համեմատ վերջնական ցուցակում ընգրկված ընտրողների թիվը նվազել է 4907-ով: Նրա խոսքերով՝ ցուցակներից հանվել են մահացած անձանց տվյալները, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել՝ կապված սեփականատերերի պահանջով իրենց հասցեում հաշվառված անձանց հաշվառումից հանելու, զինապարտ քաղաքացիների զորակոչվելու, այլ պետության մշտական բնության մեկնելու և այլ պատճառների հետ:
Հ.Քոչարյանն ընդգծել է, որ 2013 հունվարի 9-ից փետրվարի 13-ը ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ իրականացրել են ցուցակների ստուգման աշխատանքներ. «Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ անձնագրային և վիզաների վարչությունը ստացել է 4018 ստուգման ենթակա տվյալներ, որի արդյունքում կատարվել են 2047 փոփոխություններ և ուղղումներ: Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ ունեն ժողովրդավարական քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու համար կազմված ընտրական ցուցակներ»:
Անդրադառնալով ցուցակներում առկա անճշտությունների մասին շարունակ ստացվող հաղորդումներին, Հ.Քոչարյանը կարծիք է հայտնել, որ դրանք աչքի են ընկնում սուբյեկտիվ մեկնաբանություններով. «Հնարածին է, իրականության հետ կապ չունի, զարմացում են աննախադեպ անլրջությամբ: Վստահեցնում ենք, որ այդպիսի բան գոյություն չունի: Լրացուցիչ բոլոր ցուցակները կազմվել են Ընտրական օրենսգրքի տառին ու ոգուն համապատասխան. նույն անձի տվյալները միայն մեկ անգամ կարող է ընդգրկված լինել ընտրողների ցուցակներում»:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը նաև նշել է, որ հաշվի է առնվել 2012 խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻգ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում տեղ գտած առաջարկությունները, և ստուգման աշխատանքների ժամանակ ուշադրություն է դարձվել քանդված շենքներին ու բազմաթիվ հաշվառում ունեցող հասցեներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում