iDitord. «Ֆոտոխցիկի լույսից աչքերը քոռանում են»

IDitord.org կայքում պարբերաբար ընտրատեղամասերից տեղեկատվություն է ստացում որոշակի խախտումների մասին: Օրինակ, կայքում նշվում է, որ Գորիսում թիվ 37/7 ընտրատարածքում դիտորդի՝ վստահված անձերի հետ կապված խախտումը տեղում շտկվել է, իսկ Աբովյան քաղաքի Երիտասարդական 1, բնակարան 46 հասցեում գրանցված է միայն Ինեսսա Կյուրեղյանը, սակայն նկատել են նաև այլ գրանցվածի անուն:

Մեկ այլ դեպքում Հրանտ Բագրատյանի շտաբի մամլո պատասխանատու Կարինե Հարությունյանը նշել է, որ 07/27 ընտրատեղամասում թաղապետի նախկին տեղակալ Արմեն Բաղդասարյանը բաց քվեարկություն է իրականացրել: Ըստ նրա, 07/28 ընտրատեղամասում ոմն Կարապետ նույնպես բաց քվերակություն է իրականացրել:

Մի շարք բողոքներ էլ կան ընտրակաշառքի բաժանման թեմայով: Ըստ iDitord.org-ի, ընտրակաշառքի հետ կապված Շենգավիթից տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 8:00-ից 9:00-ի սահմաններում արդեն Սերժ Սարգսյանի համար 5000-ական դրամներ են բաժանել: Նմանատիպ տեղեկատվություն կա նաև Գավառից, որի համաձայն երեկ Գավառի քաղաքապետարանը ընտրակաշառք է բաժանել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար: Գումարը եղել է 5000 դրամ:

Իսկ թիվ 6 երաժշտական դպրոցում տեղակայված 3/30 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամները պահանջում են, որ իրենց քիչ նկարեն, քանի որ ֆոտոխցիկի լույսից իրենց «աչքերը քոռանում են»: Այս պահանջի արդյունքում միջադեպ է տեղի ունեցել ֆոտոլրագրողների եւ հանձնաժողովի անդամներից մեկի միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում