ԱՊՀ դիտորդներ. «Կասկած չկա, որ գործող նախագահը վերահաստատեց իր լիազորությունները լեգիտիմ ճանապարհով»

«Ընդհանուր առմամբ ընտրությունների նախապատրաստումն ու դրա ընթացքը բավարար ենք գնահատում: Դիտորդները եկել են այն եզրակացության, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը լիովին ապահովեց քաղաքացիների կամքի ազատ արտահայտումը, ինչը մենք արձանագրել ենք: Բացի այս, ուրախալի փաստ է, որ չկար այն լարվածությունը, որ առկա էր նախորդ ընտրություններում, թեկնածուների միջև առկա էր կոռեկտության մթնոլորտ: Բոլոր թեկնածուները ունեին հավասար հնարավորություններ տեղեկացնել իրենց ծրագրերի մասին, իսկ ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստացել հավասարապես ծանոթանալ թեկնածուների ծրագրերին»,- լրագրողների հետ հանդիպմանը, գնահատելով նախագահական ընտրությունները հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը, փոխանցում է Panorama.am-ը:

Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացրած մահափորձին, Լեբեդևը նշեց, որ դա անհանգստացրեց դիտորդներին, սակայն իրենք ուրախ են, որ ընտրական գործընթացը չխաթարվեց:

Նա նաև ընթերցեց ԱՊՀ դիտորդական առաքելության հայտարարությունը.

«Կասկած չկա, որ ընտրությունները լեգիտիմ էին և որ գործող նախագահը վերահաստատեց իր լիազորությունները լեգիտիմ ճանապարհով: Առաքելությունը չի արձանագրել փաստեր, որոնք կասկածի տակ են առնում ընտրությունների արդյունքները: Առաքելությունը եկել է այն եզրակացության, որ նախագահական ընտրությունները կայացել են ՀՀ Սահմանադրության և գործող օրենսդրության տառին համապատասխան: Ընտրություններն ազատ էին, թափանցիկ և մրցակցային, համապատասխանել են միջազգային չափանիշներին»,- ընթերցեց Ս.Լեբեդևը:

Ինչ վերաբերում է խախտումներին, որոնք իրենք ֆիքսել են, ապա հիմնականում դրանք վերաբերել են այն փաստին, որ մի շարք ընտրողներ չեն կարողացել իրենց անունները գտնել ընտրացուցակներում: Սակայն այս խնդիրը, նկատեց նա, բավականին արագ հարթվել է: Բայց այս և մի շարք այլ խախտումներ, որ նկատվել են, չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Նշենք, որ առաքելությունն իր աշխատանքը Հայաստանում սկսել է հունվարի 24-ին, դրանում ներկայացված են ԱՊՀ ութ երկրների 200-ից ավելի ներկայացուցիչներ: Ընտրության օրը դիտորդներն այցելել են հազարից ավելի ընտրատեղամասեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում