Ոստիկանությունը կապահովի Ր.Հովհաննիսյանի բնակության վայրի շուրջօրյա անվտանգությունը

ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ ինչպես նախագահական ընտրությունների նախապատրաստական շրջանում, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը’ 2013 թ. փետրվարի 18-ին, ոստիկանական ծառայությունները իրականացրել են հասարակական կարգը պահպանելու, հնարավոր իրավախախտումները կանխելու, ինչպես նաև ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Քաղաքացիների, ՀՀ Նախագահի թեկնածուների, վերջիններիս վստահված անձանց և դիտորդների իրավունքների պատշաճ իրացումն ապահովելու նպատակով ձեռնարկվել են ինչպես իրավական, այնպես էլ կազմակերպչական բնույթի մի շարք միջոցառումներ:

Միաժամանակ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընտրությունների ընթացքում ստացվել են նախագահի թեկնածուների վստահված անձանց և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդումներ: ՀՀ ոստիկանությունն ինչպես մյուս, այնպես էլ հիշյալ հաղորդումներին անհապաղ արձագանքել է և ներկայումս իրավական ընթացակարգի պահանջներին համապատասխան իրականցնում է դրանց ստուգումը:

2013 թ. փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանությունում ստացվել ու քննարկվել է նաև ՀՀ Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բանավոր դիմումը ոստիկանության պետին’ իր բնակության վայրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության պետի նույն օրվա հրամանով հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին’ 2013 թ. փետրվարի 19-ից կազմակերպել նախագահի թեկնածուի բնակության վայրի շուրջօրյա անվտանգության ապահովումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում