Րաֆֆիի 37%-ին կարող են հավակնել նաև ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը

Րաֆֆի Հովհաննիսյանի գրեթե 37% տոկոս ձայները իսկապես տպավորիչ էր: Քարոզարշավի սկզբնական շրջանում ասյպիսի արդյունքների մասին «Ժառանգությունը» սկի չէր էլ կարող երազել: Այն ժամանակ Հովհաննիսյանի և նրա թիմակիցների առջև երկու հիմնական խնդիր կար ընդամենը՝ ա) չեզոքացնել խորհրդարանական ընտրությունների ընթացքում ստացված ծանր հարվածների հետևանքները և բ) երկրորդ տեղի համար պայքարում հաղթել Հրանտ Բագրատյանին: Գործնականում, նշված երկու կետերն էլ պետք է ծառայեին հետընտրական շրջանում «Ժառանգության» քաղաքական կապիտալի ավելացման գործին: Ու, պետք է ասել, որ Բագրատյանի մասով էլ խնդիրն ավելի քան լուծված է: Վերջինս ստացավ ընտրողների քվեների ընդամենը 2,15%-ը, որն իրականում ծիծաղելի արդյունք է:

Առաջին կետով, սակայն, դեռևս ոչինչ հնարավոր չէ ասել: Ակնհայտ է, որ Րաֆֆիի ստացված քվեները շատերի՝ այդ թվում նաև «Ժառանգականների» համար անսպասելի էին: Իսկ ախորժակը, ինչպես հայտնի է, ուտելուց է գալիս: Հովհաննիսյանի թիմակիցներն այժմ պատրաստվում են ակտիվ գործողությունների: Նրանց միանում են նաև ընդդիմադիր դաշտի որոշ ծայրահեղականներ: Վերջիններս ամեն կերպ փորձում են ներազդել Հովհաննիսյանի որոշումների վրա և Ազատության հրապարակում նորից ստեղծել իշխանություններից դժգոհ զանգվածների գործոն: Դեռևս պարզ չէ, թե ինչպես կարձագանքի երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն նման «առաջարկին»: «Ժառանգությունում», իհրկե, հիշում են «Ազատ դեմոկրատների» կողմից նախկինում ստացված համանման մեկ այլ առաջարակի մասին և հասկանում, որ կողմնակի միջամտությունը կարող է մահացու լինել իրենց կուսակցության համար: Հատկապես հիմա, երբ դեպքերի ասնպասելի զարգացման արդյունքում հայտնվել են մի իրավիճակում, որտեղ իրենցից կոնկրետ որոշումներ է պահանջվում:

«Ժառանգությունում» պետք է որ հասկանան մեկ այլ կարևոր փաստ ևս: Այն է, որ նշված 37% քվեները Հովհաննիսյանը ստացել է նաև այն բանի շնորհիվ, որ ընտրություններին չեն մասնակցել «Բարգավաճ Հայաստանի» և Հայ ազգային կոնգրեսի թեկնածուները: Եթե անցած նախագահական ընտրությունները համեմատենք 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ, ապա կտեսնենք, որ հիշատակված ուժերի ներկա գտնվելու պարագայում «Ժառանգության» մրցակցային պոտենցիալը հազիվ 5%-ի է հասնում միայն: Իհարկե, ընդունելի է, որ խորհրդարանական ընտրություններից անցած ժամանակահատվածում Հովհաննիսյանի թիմը կարող էր կրկնապատկել իր ընտրազանգվածը: Բայց յոթնապատկե՞լ: Կնշանակի, որ Րաֆֆիի ներկայիս 37%-ին իրենից բացի կարող են հավակնել նաև ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, որոնց կողմնակինցերն, ըստ երևույթի, աջակցել են հենց իրեն: Իսկ սա արմատորեն փոխում է իրավիճակը: Եվ եթե Հովհաննիսյանը փորձի պայքարը շարունակել փողոցներում, ապա մեծ է հավանականությունը, որ բողոքական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածը կարող է դուրս գալ նրա ազդեցության տակից և միանալ այլ քաղաքական ուժերի:

Պե՞տք է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանին դեպքերի զարգացման նման սցենարը: Կարծում եմ՝ ոչ: Հիմա նա հաղթանակած թեկնածու է, քանի որ հոդվածիս սկզբում հիշատակված «Ժառանգության» երկու գերխնդիրները լուծված են: Ներկայումս նրանք կարող են ավելի լուրջ հավակնություններ ունենալ: Բայց դա հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե ժառանգականները կարողանան յուրացնել այս հաղթանակը: Իսկ դրա համար ժամանակ է պետք:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում