Ր.Հովհաննիսյանի շտաբը ԿԸՀ-ից պահանջում է դադարեցնել վերահաշվարկի գործընթացը

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելով դադարեցնել վերահաշվարկի գործընթացը, որը սկսել է այսօր ժամը 11:00-ից:

«ՀՀ ընտրական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված կարգով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը 19 փետրվարի, 2013թ. դիմել է մի շարք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ’ մի քանի տասնյակ ընտրատեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

Պահանջի բավարարումը ենթադրում է քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի ընթացքում «դիմող կողմն այլ փաստաթղթերի հետ իրավունք ունի ծանոթանալու ընտրողների ստորագրած ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ» (ԸՕ հոդված 48, կետ 14): Գործընթացին իրավասու են ներկա գտնվել և հետևել թեկնածուի վստահված անձինք, լրագրողներ, դիտորդներ:

Ընտրատարածքային հանձնաժողովներ ներկայացված դիմումներում հստակ նշված է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հեռախոսահամարը, որով թեկնածուին պետք է տեղյակ պահվեր դիմումին տրված ընթացքի և յուրաքանչյուր ընտրատեղամասի’ քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամի մասին, որպեսզի հնարավոր լիներ ապահովել Հովհաննիսյանի վստահված անձանց ներկայությունը:

Մինչդեռ առանց որևէ հեռախոսազանգով կամ կապի այլ միջոցով թեկնածուին տեղյակ պահելու, առանց թեկնածուի վստահված անձանց ներկայության մի շարք ԸԸՀ-ներում այսօր ժամը 11:00-ից մեկնարկել է վերահաշվարկների գործընթաց:

Խստիվ դատապարտելով օրինականության այս աղաղակող խախտումը, պաշտոնապես պահանջում ենք անմիջապես, բոլոր ԸԸՀ-ներում դադարեցնել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումների հիման վրա կատարվող քվեարկության արդյունքների վերահաշվարկները:

Դրանք սկսել միայն և պարտադրաբար թեկնածուի շտաբին տեղյակ պահելուց և Հովհաննիսյանի վստահված անձանց, լրագրողների, դիտորդների’ ԸԸՀ-ներ ժամանելուց հետո»,- նշվում է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում