Արևմտահայոց ազգային համագումար. Հավատում ենք, որ ականատեսը կլինենք ազատագրված Արցախի դե-յուրե վերամիավորմանը Հայրենիքի հետ

Փարիզում գործող «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը շնորհավորում է Սերժ Սարգսյանին’ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Մեծարգո պարոն Նախագահ

Արևմտահայոց Ազգային Համագումարի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթում քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման մեջ։

Հավատում ենք, որ Ձեր նախագահության առաջիկա հնգամյակում հայությունը կարևոր հանգրվան կանցնի միջազգային կյանքում ինքնուրույն հզոր հայկական գործոնի ձևավորման, Հայկական հարցի հետապնդման ներկա փուլում:

Հավատում ենք, որ ականատեսը կլինենք ազատագրված Արցախի դե-յուրե վերամիավորմանը Հայրենիքի հետ, ականատեսը կլինենք մեր պատմական Հայրենիքի արևելյան մասում ժողովրդավար, արդար և ազատ քաղաքացիական հասարակարգի հետագա ամրապնդմանը, ժողովրդի կենսամակարդակի շեշտակի բարձրացմանը, տնտեսության սրընթաց զարգացմանը: Հավատում ենք, որ Ձեր նախագահության հաջորդ հինգ տարիները լինելու են Հայոց հայրենիքում ապահովության, կայունության, ազգահավաքի տարիներ:

Նկատի ունենալով, որ Ձեր պաշտոնավարման հնգամյակի ընթացքում կլրանա Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, մենք համոզված ենք, որ համահայկական ուժերի զորաշարժի արդյունքում կլուծվի նաև Արևմտահայոց՝ այսինքն Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգորդների իրավունքների և պահանջների արդար հատուցման հիմնախնդիրը:

Այս բոլորի երաշխիքն է հանդիսանում համաշխարհային հայության տարբեր հատվածների միջև կապերի և փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների իրականացման գործում Հայաստանի և Սփյուռքի միջև աշխատանքների և դերերի բաշխումը, համազգային ջանքերով մեծածավալ, ճակատագրական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ մշակումը և իրագործումը»:

Խորին հարգանքով’
ԱԱՀ-ի նախագահ Սուրէն Սէրայտարեան
Փոխնախագահներ Սոնա Յագուպեան, Նորատ Տեր-Գրիգորյանց, Կարեն Միքայելյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում