Քաղաքագետ. «Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները վատթարացել են»
Նմանատիպ
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Հայաստանն ու Արցախը այսօր հայտնվել են ամենահարմար, նպաստավոր և հաջող վիճակում: Մոտակա տարիներին Հայաստանը պետք է և կարող է ստանձնել տարածաշրջանում առաջնորդի դերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով տարածաշրջանային քաղաքական գործընթացներին, նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, փոխանցում է Panorama.am-ը:
Նրա դիտարկմամբ, Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները փոխվում են դեպի լավը, որը նշանակում է, որ Աբխազական երկաթգծի վերաբացման հույս կա, ինչը շատ նպաստավոր կլինի Հայաստանի տնտեսության համար: Մյուս կողմից, ըստ նրա, սրվել են Վրաստան-Ադրբեջան և Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները:
«Վրաստանը միշտ միջազգային տարբեր ատյաններում հանդես է եկել որպես Հայաստանի հակառակորդ, սակայն այսօր այդ սառույցը սկսում է հալչել, որը հնարավորինս կնպաստի մեր գործերին: Մենք կարող ենք անուղղակիորեն նպաստել և միջնորդ լինել Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց քաղաքագետը:
Վերջինս նաև համոզմունք հայտնեց, որ վատթարացել են Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, երբ Թուրքիան ուղղակի, լուրջ հարվածներ է հասցնում Ադրբեջանին, ինչպես նաև սրված են Ադրբեջան-Իրան հարաբերությունները, իսկ բուն Ադրբեջանում տեղի են ունենում ապստամբություններ, զանգվածային բողոքներ, բնիկ ժողովուրդների աշխուժացում, որը «հանգեցրել է ալիևյան վարչակազմի իշխանության թուլացմանը»:
Անդրադառնալով հարցին, թե Թուրքիան ի՞նչ հարվածներ է հասցնում Ադրբեջանին, բանախոսը պատասխանեց Թուրքիայի վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հայտարարությունները վկայակոչելով, որոնց համաձայն Հեյդար Ալիևը 1945թ.-ին եղել է ԽՍՀՄ-ից Թուրքիա փախած 146 մտավորականների գնդակահարման խմբում, երբ թուրքական պաշտոնյաներից մեկը Հեյդար Ալիևին մեղադրել է Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի թունավորման մեջ, ինչպես նաև այն փաստը, որ Թուրքիայում բուհերի համար լույս է տեսել սահմանադրական իրավունքի դասագիրք, ուր Հեյդար Ալիևը նշվում է որպես արյունալի բռնապետ:
«Այս ամենը պատահական չէ: Բոլոր հարվածներն ուղղվում են Ադրբեջանի այսօրվա նախագահ Իլհամ Ալիևի հորը, ով Ադրբեջանում համարվում է պետության հիմնադիր: Այս ամենն արվում է, որովհետև այսօր Ադրբեջանի վարած քաղաքականությունը հակասում է տարածաշրջանում Թուրքիայի շահերին՝ կապված Իսրայելի հետ Ադրբեջանի լավ հարաբերությունների, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հետ, որոնց կարգավորման խանգարող գործոնը միայն Ադրբեջանն է, ինչպես նաև Թուրքիայում Ադրբեջանի կողմից քրդական շարժմանն աջակցելու ու ֆինանսավորելու հետ և այլն: Թուրքիային ձեռնտու է տարածաշրջանում Ադրբեջանի դերը հնարավորինս թուլացնել, այսինքն՝ իր ծնած ճորտը պետք է ճորտի դերում լինի, այլ ոչ թե ինքնուրույն խաղացողի»,- ընդգծեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում