Արցախյան շարժման 25-ամյակի միջոցառումները կշարունակվեն մինչև տարեվերջ
Նմանատիպ
Արցախի վերածննդի օրը’ փետրվարի 20-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությանը, որը Ստեփանակերտ է ժամանել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարությանը մասնակցելու նպատակով։ Պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը և Ռուբեն Գևորգյանը։
Զրույցի մասնակիցները երկուստեք կարևորել են Ղարաբաղյան շարժման պատմաիրավական նշանակությունն ինչպես արցահահայության, նույնպես և ողջ հայ ժողովրդի կյանքում։
Ղարաբաղյան շարժման 25-ամյակը, որպես հոբելյանական իրադարձություն, համազգային արժեք է։ Նշելով այդ մասին, ԼՂՀ խորհրդարանի նախագահը Երևանից ժամանած գործընկերներին տեղեկացրել է, որ Արցախում ավելի քան մեկ շաբաթ առաջ մեկնարկած տոնական միջոցառումներն արդեն իսկ իրենց համարժեք շարունակությունն են գտնում հայկական Սփյուռքի տարբեր կենտրոններում։ Ընդ որում, ասաց նա, այդ միջոցառումները չեն սահմանափակվելու միայն փետրվար ամսով, այլև շարունակվելու են մինչև տարվա վերջ։
Տիկին Նաղդալյանի խոսքով՝ ինքը և իր գործընկերները եռակի տոնական տրամադրությամբ են ժամանել Արցախ։ Նախ, ասաց նա, մեզ համար անձնապես նշանակալի է մասնակցել Ղարաբաղյան շարժման 25-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին, ապա՝ Հայաստանում բարեհաջող ավարտ են ունեցել նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը, և վերջապես՝ իրենց, ինչպես որ յուրաքանչյուր հայ մարդու համար ամեն անգամ ինքնին հաճելի է գտնվել այստեղ՝ արցախյան հողում։
Զրույցի ընթացքում արծարծվեցին նաև Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հարցեր, այդ համատեքստում քննության առնվեցին փոխգործակցության արդյունավետության բարձրացման մի շարք ձևեր ու միջոցներ։
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, մշտական հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանը և Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում