Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը

Ամբողջությամբ համակարծիք եմ քաղաքացիական հասարակության այն անդամների հետ, ովքեր համաձայն չեն միջազգային դիտորդների կողմից փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին տրված գնահատականին: Հիացած եմ փետրվարի 19-ին «Մարիոթ» հյուրանոցում երիտասարդ քաղաքացիների համարձակ գործողություններով:

Բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրությունները Հայաստանում չեն կարող բնութագրվել մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ, որովհետև շարունակաբար ուղղորդվում են զանգվածային ընտրակաշառքի բաժանմամբ և քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրմամբ:

Ընտրությունների միջազգային դիտարկումները չեն ենթադրում առաքելության անդամների համար քաղաքական, իրավական կամ բարոյական պատասխանատվություն և երաշխավորված չեն կոռուպցիոն ռիսկերից: Ուստի, կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր պայքարում են մեր երկրում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար, չհիասթափվել միջազգային դիտորդների կողմից տրված’ իրականությանը չհամապատասխանող գնահատականներից և հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին: Ցավով արձանագրում եմ, որ միջազգային դիտորդները, ինչպես և 2008 թվականին, իրենց գնահատականներով ճանապարհ բացեցին քրեաօլիգարխիկ համակարգի համար’ ուժ և ճնշումներ կիրառելու հանուն ընտրական իրավունքի պայքարող քաղաքացիների դեմ: Սակայն վստահ եմ, որ դա չի կարող կասեցնել քաղաքացիների պայքարը մեր երկրում իրական ժողովրդավարություն հաստատելու գործում:

 

Անդրիաս Ղուկասյան
20 փետրվարի, 2013 թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում