Ոստիկանները Րաֆֆուն տեղեկացրեցին, որ Ազատության հրապարակում վաղը լինելու է ՀՀԿ-ն

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ զրույց ունեցավ Երևանի ոստիկանության ղեկավարության հետ: Վերջիններս խնդրեցին պարզաբանել, թե ինչպես է նա պատրաստվում վաղը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել այն դեպքում, որ 14:00-ին այստեղ նախատեսված է ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանին սատարող մյուս քաղաքական ուժերի հանրահավաքը:

Panorama.am-ին ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հայտնեց, որ իրենք առաջարկել են Րաֆֆի Հովհաննիսյանին հանրահավաքն անցկացնել Մատենադարաինին հարող տարածքում, սակայն Հովհաննիսյանը պատասխանել է, թե իր սահմանդրական իրավունքն է, հանրահավաքն անցկացնել այնտեղ, որտեղ ցանկանում է: Մովսիսյանն ասաց, որ իրենց նպատակն է կանխել ոչ ցանկալի զարգացումները, քանի որ փաստացի հավաքվելու են քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ:

Մովսիսյանի ու լրագրողի զրույցի ընթացքում ոստիկանության ներկայացուցչից հետաքրքրվեցին, թե վաղն իրենց արգելվում է գալ Ազատության հրապարակ: Մովսիսյանն ասաց, թե ոստիկանությունը որևէ մեկին նման բան չի արգելում, որևէ ոստիկան իրավունք չունի անհանդուրժողականություն դրսևորել որևէ քաղաքացու հանդեպ:

«Յուրաքանչյուր ոք կարող է գալ այստեղ, սակայն մեզ համար կարևոր է, որ լինի կարգ ու կանոն»,-ասց Մովսիսյանը:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղակատվության համաձայն, փետրվարի 21-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու համար դիմել է ՀՀԿ-ն, իսկ «Ժառանգության» հավաքն արտոնված է Մատենադարանին հարող տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում