Վարչապետն Արագածոտնում հանձնարարել է ֆինանսներն ուղղել մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրերին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քա ղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար: Նախագծի նպատակն է Աշտարակը դարձնել զբոսաշրջային հետաքրքիր ուղղություններից մեկը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսվում է առաջիկայում մշակել քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որի շրջանակում կյանքի կկոչվեն նաև ենթակառուցվածքային նախագծեր: Նշվել է, որ Աշտարակը զբոսաշրջության տեսանկյունից ուշադրության կենտրոնում է և ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր համագործակցությամբ, նաև միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ: Վարչապետ Կարապետյանը ողջունել է նախաձեռնությունը և հանձնարարել հնարավորինս արագ մշակել ծրագիրը և այն ներկայացնել կառավարություն:
Այնուհետև Կարեն Կարապետյանը հանդիպել է Արագածոտն համայնքի կարկտահարությունից տուժած բնակիչներին, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են վարկային պարտավորությունների կատարմանը, ջրի վարձի և հողի հարկի վճարումներին:

Կարեն Կարապետյանն Արագածոտնի գյուղապետ Մելսիկ Ղազարյանին առաջարկել է գյուղացիների պարտավորությունների ծավալները ներկայացնել կառավարություն: Դիմելով գյուղացիներին և գյուղապետին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Համայնքապետը պետք է գա և մեզ հետ գործնական խոսի, նշի, որ եթե այսքան գումար տանք, այս կանեք, այն կանեք, ոտքի կկանգնեք, ռիսկերը կնվազեն, որպեսզի մենք անընդհատ այսպիսի արտակարգ իրավիճակների մեջ չընկնենք: Տալիս եք ծրագիր, դուք ինչ բեռ եք վերցնում, մարզպետն ինչ բեռ, նախարարն ինչ բեռ, ես ինչ բեռ»:
Վարչապետ Կարապետյանն այցելել է հյուսիս-հարավ ավտոմայրուղու երկրորդ տրանշով կառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատված, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 42 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, ներկայում իրականացվել է աշխատանքների 35 տոկոսը: Նախատեսվում է ճանապարհը շահագործման հանձնել 2018 թվականին: Կարեն Կարապետյանը կարևորել է որակական չափանիշների և ժամանակացույցի հստակ պահպանումը:

Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007-ից մինչ օրս ավելի քան 180 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի և այլն): Կարեն Կարապետյանը շրջել է այգիներով, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և ընկերության առաջիկա ծրագրերին: Ըն դհանուր ներդրումների ծավալը կազմել է մոտ 20 մլն եվրո, որից 7 մլն եվրոն ուղղվել է գինու և կոնյակի նոր գործարանի կառուցմանը: Գործարանի մթերման հզորությունը կազմում է տարեկան մինչև 1000 տոննա խաղող: «Գոլդն Գրեյպ Արմաս»-ն իրականացնում է նաև ագրոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր: Տեղեկացվել է, որ ընկերության արտադրանքը վաճառվում է ոչ միայն ներքին շուկայում, այլև ԱՄՆ-ում, Եվրոպայում, ՌԴ-ում, Չինաստանում: Աշխատանքներ են տարվում այլ շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը եղել է նաև Վարդենուտ համայնքի «Ագաթ 777» ՍՊԸ-ի սպանդանոցում, որը գործում է 2015 թ.-ից: Նշվել է, որ սպանդանոցի կառուցման նպատակով Հունաստանի կառավարությունն ընկերությանը հատկացրել է ավելի քան 211 հազար դոլար, իսկ ընկերության կողմից կատարված ներդրումը կազմում է մոտ 450 հազար դոլար: Սպանդանոցն ունի երեք հոսքագիծ և մեկ հեթափոխում կարող է իրականացնել 40 գլուխ խոշոր, 100 գլուխ մանր եղջերավոր կենդանիների և 100 գլուխ խոզերի մորթ: Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանում ժամանակակից սպանդանոցների առկայությունը՝ սննդի անվտանգության ապահովման և անասնապահության զարգացման խթանման ա ռումով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում