«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը ցուցադրվել է Աթենքում

2013թ. փետրվարի 18-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով Աթենքի «Միկրոկոսմոս» կինոթատրոնում տեղի ունեցավ 2012թ. Լուտրակիում կայացած Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնի մասնակից’ ռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի, սցենարիստներ Արմեն եւ Արեն Վաթյանների «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը: Այն պատմում է Մեծ եղեռնը վերապրած եւ ԱՄՆ ներգաղթած Կարապետ Փամբուկչյանի մասին, որը ձգտում է ամեն կերպ իր ամերիկանացված սերնդի մեջ արթնացնել ու ամրացնել կորսյալ Հայրենիքի հետ կապը, ազգային արմատներին վերադարձնել տղային ու թոռանը:

Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի տնօրինությունը նախաձեռնել է տարվա ընթացքում Հունաստանի տարբեր քաղաքներում անցկացնել մասնակից երկրների կինեմատոգրաֆիայի երեկոներ’ համապատասխան ֆիլմերի ցուցադրությամբ: Առաջին երեկոն նվիրված էր Հայաստանին եւ անցավ Հունաստանի մայրաքաղաքում:

Բազմամարդ միջոցառմանը ներկա էին Հունաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներ, լրագրողներ, դիվանագետներ, հունահայ համայնքի, այդ թվում’ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ֆիլմը ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից:

Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի հիմնական նպատակն է Հունաստանի եւ հունական համայնք ունեցող երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաեւ այդ երկրների կինեմատոգրաֆիստների ու կինոսիրողների համագործակցության զարգացումը: Առաջին փառատոնը կայացել է 2012թ. հոկտեմբերի 5-ից 12-ը Կորինթիայի Լուտրակի քաղաքում: Այն անց էր կացվում Հունաստանի մշակույթի նախարարության, Պիրեուսի եւ կղզիների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբի, Պելոպոնեսի մարզպետարանի եւ Լուտրակիի քաղաքապետարանի հովանու ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում