Հայաստանում առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի մրցույթ կանցկացվի

Հայաստանում մայիսին առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի մրցույթ կանցկացվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «ԱրմՌոբոտիքս» մրցույթի մենեջեր Մարիամ Նահապետյանը:

Մրցույթը կկազմակերպվի Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակում: Մայիսին կայանալիք մրցույթին արդեն մասնակցության հայտեր են ներկայացրել ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ’ արտասահմանյան մի շարք երկրներից:

«Այս մրցույթը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ այլ երկրներում: Մասնակցության հայտեր ունենք Իրանից, Իսպանիայից եւ Ռուսաստանի Դաշնությունից»,- նշեց Մարիամ Նահապետյանը: Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում նոյեմբերի 17-ին մրցույթի վեց անօդաչու թռչող սարքերի փորձնական թռիչք էր անցկացվել:

Մասնագիտությամբ ծրագրավորող Աշոտ Գասպարյանը մրցույթին առաջին անգամ է մասնակցելու: Նա դեռեւս վերջնական տեսքի չի բերել իր կողմից ներկայացվելիք անօդաչու թռչող սարքը, սակայն մեծ հույսեր է կապում մրցույթի հետ: «Հաղթանակն, իհարկե, շատ կարեւոր է, բայց պակաս կարեւոր չէ նաեւ մասնակցությունը: Այս մրցույթը կատալիզատոր է: Ես նպատակ ունեմ ավելի խորացնել գիտելիքներս ռոբոտաշինության բնագավառում, իսկ նմանատիպ մրցույթներն ինձ կօգնեն»,- նշեց Աշոտը՝ հավելելով, որ հետագայում կփորձի իր ստեղծած սարքավորումներն օգտագործել ինչպես ռազմական, այնպես էլ հասարակական տարբեր ոլորտներում:

Անօդաչու թռչող սարքերի մրցույթի կանոնների համաձայն’ սարքերը, առաջնորդվելով թվեր եւ նշաններ պատկերող տեղանշաններով, թռիչքի ընթացքում պետք է ուսումնասիրեն տարածքը, կարդան տեղորոշման համար նախատեսված կոորդինատները, գտնեն հաջորդ թիրախը, առցանց ուղարկեն պատկերներ: Մրցույթի ընթացքում ռոբոտները իրենց վրա կունենան 100-300 գրամ բեռ: Հասնելով նշանատեղ’ ռոբոտը պետք է այդ բեռը նետի համապատասխան վայրում եւ թռիչքուղով վերադառնա ելման կետ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից այս մրցույթից բացի, 2013 թվականի ընթացքում կանցկացվեն նաեւ ական փնտրող եւ իրեր տարբերակող ռոբոտների մրցույթներ, որոնց մասնակիցների հայտագրումն արդեն մեկնարկել է: ԻՏՁՄ-ի կողմից կազմակերպվող «Արմ Ռոբոտիքս»-ի մրցույթների իրականացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերում ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Արթին Վարուժան» ՓԲԸ-ն, «Մայքրոսոֆթ» եվ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունները: Մրցույթների տեխնիկական հովանավոր «Արթին Վարուժան» ընկերության ներկայացուցիչն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ 2008 թվականից սկսած’ իրենք մեծ հաճույքով աջակցում են «Արմ Ռոբոտիքսի» մրցույթների կայացմանը:

«Մեզ համար շատ հաճելի է տեխնիական աջակցություն ցուցաբերել այդ մրցույթներին, բացի դրանից, մեծ ոգեւորություն ես ապրում, երբ տեսնում ես, որ քո օգնությամբ ինչ-որ մեկը առաջ գնալու, կատարելագործվելու հնարավորություն է ստանում»,- նշեց ընկերության ներկայացուցիչը:

Հայաստանում ռոբոտաշինության զարգացման նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից Ճարտարագիտական համալսարանում ստեղծվել է ռոբոտաշինության հենակետային վարժարան, իսկ ոլորտի զարգացման նպատակով ՀՀ մի շարք մարզերի ուսումնական հաստատություններում գործող խմբակների թվին կավելանան եւս հիսունը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը’ որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնեսի ասոցիացիա’ հիմնադրվել է 2000 թվականին: Այն նպատակ ունի պաշտպանել ոլորտի ձեռնարկությունների շահերը եւ խթանել բիզնեսի զարգացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում