Ա.Մարտիրոսյանը կոչ է արել չլսել որևէ մեկին, ով հանդես կգա Ր.Հովհաննիսյանի անունից

Ազատության հրապարկի հարթակ քիչ առաջ ժամանեցին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տիկին Արմենուհի Հովհաննիսյանը և կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, փոխանցում է Panorama.am-ը:

Դիմելով հավաքվածներին կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող հանդիպել, քանի որ պետք է անցկացնի «քաղաքական կոնսուլտացիաներ մեզ աջակցող այլ քաղաքական ուժերի հետ»:

Մարտիրոսյանը կրկնեց Հովհաննիսյանի հայտարարությունը, որ Հովհաննիսյան-Սարգսյան հանդիպման մասին մանրամասներ կհրապարակվեն վաղը կայանալիք հանրահավաքում:

«Ես նորից ներողություն եմ խնդրում, որ պարոն Հովհաննիսյանը չի կարող գալ: Ես խնդրում եմ ցրվել»,-ասաց Մարտիրոսյանը, չբացառելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր երեկոյան կլինի Ազատության հրապարակում:

«Եթե ցանկություն ունեք, կարող եք մնալ, բայց իմացեք, որ նա գալու է միայն ժամը 6-ին»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը կոչ արեց մասնակիցներին չլսել որևէ մեկին, ով հանդես կգա Րաֆֆի Հովհաննիսյանի անունից: «Դուք բոլորդ ճանաչում եք Րաֆֆի Հովհաննիսյանի թիմին, և խնդրում եմ մի լսեք այն անձանց, ովքեր ինչ-որ գործողությունների կոչեր կանեն մեր անունից: Մի ենթարկվեք սադրանքների»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում